Իշխանության անտարբերության հետևանքով բանակի թիկունքում առաջացել է ներքին թշնամի, որը խժռում է երիտասարդ կյանքեր. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, մեկ օրում միևնույն զորամասում չպարզված հանգամանքներում երկու զոհ ունենք: Այս իրավիճակն ինչի՞ մասին է փաստում: Այն բարեփոխումները, որոնց մասին անընդհատ հայտարարում է գործող իշխանությունը, ըստ էության, ինչի՞ն են միտված:

– Սա նշանակում է, որ, մասնագիտական առումով, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի ու ռազմական ոստիկանության պետի պաշտոններում, կրկնում եմ՝ մասնագիտական առումներով, վեր են ընկած փալասներ, որովհետև անկարելի է պատկերացնել, որ նույն զորամասում, նույն օրվա ընթացքում երկու սպանության դեպք գրանցվի: 

Սա նշանակում է, որ բարեփոխումների մասին բոլոր զրույցները դատարկ են, չնայած դա միայն այս դեպքը չէ, որ ապացուցում է, հիշենք հունվարին Ազատ գյուղի սարսափելի դեպքը, երբ 15 զինծառայող այրվեցին կացարանում: Սա խոսում է այն մասին, որ բանակը մի կողմից ակնհայտորեն քաղաքականացված է, ԳՇ պետի ենթակայության օրենսդրական կարգավորումների փոփոխությունը դրան էր, չէ՞, միտված, մյուս կողմից՝ չկա որևէ բարեփոխում, ու այս ամենը, բնականաբար, պետք է բերի համակարգային արատների դրսևորմանը իր ամբողջ ծավալով: 

Ցավալի է այն, որ իշխանությունն այս ամենից ոչ միայն հետևություններ չի անում, այլև նման դեպքերի նախաքննությունը միտված է ոչ թե բուն պատճառների բացահայտմանը, այլ բոլորը լծված են Նիկոլ Փաշինյանի՝ դեպքից մի քանի ժամ հետո առաջ քաշած վարկածի ամրապնդմանը: 

Այս իրավիճակում հույս ունենալ, որ բանակում համակարգային բարեփոխումներ կլինեն, ռեֆորմիստական ինչ-որ քայլեր կարվեն, միամտություն է: Բոլոր ոլորտներում, որտեղ իշխանությունը հայտարարում է բարեփոխումների մասին, ունենք վերնագրեր, չկա բովանդակություն: 

– Երբ ասում եք, որ այս պարագայում համակարգային բարեփոխում սպասելը միամտություն է, այսինքն՝ ստացվում է, որ նման դեպքերը շարունակակա՞ն են լինելու բանակում:

– Եթե մեկ այլ երկրում Ազատի կացարանի դեպքի նման դեպք պատահեր, անկախ քննության արդյունքներից, քաղաքական պատասխանատվության հարց կբարձրանար առաջին հերթին, և պաշտոնանկ կարվեր պաշտպանության նախարարը, բայց մենք չտեսանք նման բան: 

Ընդհանրապես, երբ նման դեպքերի դինամիկան աճում է, քաղաքական իշխանությունը շատ արագ կադրային լուծումներ պետք է տա, որպեսզի տվյալ ոլորտ գործուղի այնպիսի մարդկանց, որոնք կարող են շատ արագ իրավիճակը շտկել, եթե նման բան չի արվում՝ այո՛, այս դեպքերը կրկնվելու են: 

Իսկ մեր տիպի երկրում, մանավանդ պարտությունից հետո, մեծ շռայլություն է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհերի նման թիվը: Սա ուղղակի ազդելու է զորքերի մարտունակության վրա, ինչն էլ իր հերթին ազդելու է երկրի անվտանգության մակարդակի վրա: 

Երբ պաշտոնյան չի կարողանում գործից գլուխ հանել, կա՛մ այլ պաշտոնի թող տեղափոխեն, որտեղ գուցե կկարողանա իրեն դրսևորել, կա՛մ, ի վերջո, մեծ դժբախտություն չի լինի, եթե Սուրեն Պապիկյանը գործազուրկ մնա, որովհետև լավ չի կարողանում իր գործն անել: 

Իսկ ի՞նչ եք ակնկալում այն նախարարից, որն արժեհամակարգային ու արժեքային ադեկվատ մտածողություն չունի, Սուրեն Պապիկյանն ինչ դարձել է պաշտոնյա, դատելով մամուլի հրապարակումներից, մտածում է իր բնակարանային ֆոնդը լավացնելու մասին: Պատերազմական վիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը մի հատ Կոմիտասի էլիտար թաղամասում է տուն գնում, հետո, չգիտեմ, դա վաճառում է, թե չէ, մի հատ էլ Բյուրեղ թաղամասում է տուն առնում: Մենք պետք է արձանագրենք, որ արտաքին թշնամուց բացի՝ իշխանության անտարբերության հետևանքով բանակի թիկունքում առաջացել է ներքին թշնամի, որը խժռում է երիտասարդ կյանքեր: 

 – Այս դեպքերի օբյեկտիվ ու ամբողջական քննություն ու բացահայտում ակնկալո՞ւմ եք:

– Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը ցույց է տվել, որ գտնում են ինքնասպանության դրդելու հոդվածը ու փորձում են այդ հիմքով կիսատ-պռատ քննություն անել, երկրորդական, երրորդական մարդիկ են պատժվում: Խնդիրն այն չէ, որ շարքայինները չեն կարող մեղավոր լինել այս կամ այն հանցագործության համար, բայց բանակում տեղի ունեցող հանցագործությունը չի կարելի լոկալիզացված քննել, այսինքն՝ անմիջական մեղավորների շրջանակը բացահայտելուց հետո պետք է հասնել հրամանատարներին, ավելի վերադաս պաշտոնյաների: 

Եթե հրամանատարն իր դիրքում լինի, նման դեպքեր չեն լինի, եթե այդ հրամանատարին վերահսկող կորպուսի հրամանատարը իր դիրքում լինի, նման բան չի լինի, այսպես մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը: Եթե Պապիկյանը Բյուրեղ թաղամասի մասին ավելի քիչ մտածի, բանակի մասին՝ ավելի շատ, ապա նման դեպքեր չեն լինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am