Ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին. Փաշինյանը՝ ադրբեջանցի 2 սահմանախախտի վերադարձնելու մասին

Հայաստանը, երկու սահմանախախտ ադրբեջանցիներին Ադրբեջանին վերադարձնելով, ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի պահպանության տեղամասերից մեկում ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի երկու սահմանախախտ զինծառայողների վերադարձի մասին հարցին, թե ի՞նչ նախապայմանով կամ ինչի՞ դիմաց են վերադարձվել նրանք:

Վարչապետը շեշտեց՝ Հայաստանը նրանց վերադարձրել է առանց նախապայմանների: «Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված: Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից դեկտեմբերի 18-ին ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։