Ժնևում ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով. Պեսկով

Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները կսկսվեն առաջիկա ժամերին, իսկ վերջնական որոշումները պատվիրակությունները կկայացնեն տեղում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Որոշումները կայացվում են տեղում։ Մի քանի ժամվա ընթացքում, անշուշտ, կսկսեն», – նշել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կանցկացվեն փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության։

Պեսկովը նաև ընդգծել է, որ փետրվարի 17-ին բանակցությունների վերաբերյալ էական նորություններ սպասել պետք չէ, քանի որ աշխատանքները նախատեսվում է շարունակել նաև փետրվարի 18-ին։

«Չեմ կարծում, թե այսօր պետք է որևէ նորություն սպասել, քանի որ, ինչպես գիտեք, աշխատանքները շարունակվելու են նաև վաղը», – ասել է նա։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու նպատակով։ Կողմերը փետրվարի 17–18-ին կփորձեն համաձայնության գալ շրջանակային համաձայնագրի շուրջ։

Ժնևի հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակությունն են․ դրանց առաջին և երկրորդ փուլերը կայացել են Աբու Դաբիում՝ հունվարի 23–24-ին և փետրվարի 4–5-ին։