«Հայաստան» խմբակցությունը ներկա կգտնվի կառավարության ծրագրի քննարկմանը. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների  նկատմամբ չդադարող հետապնդումների մասին եւ խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումից առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Քաղաքական իշխանությունների կողմից երեկ կալանավորվեց մեր գործընկեր։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշումը հակասում է Սահմանադրությանը։ Դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի։ Մեր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ապօրինինության մեջ գտնվող մեր բոլոր գործընկերներին։ Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում ենք՝ ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը եւ առաջարկում բոլոր խմբակցություններին՝ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Պահանջում ենք նաև Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նա նաև ասաց, որ ներկա են գտնվելու կառավարության ծրագրի քննարկմանը և ունենալու են ելույթներ: