Ոստիկանության պետը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպանի հետ. Տեսանյութ

Ապրիլի 27-ին ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեսակապով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Անդրեա Վիկտորինը ողջունելով Արման Սարգսյանին՝ շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ։ Նա կարևորեց նաև օրերս Հայաստանի Կառավարության ընդունած՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը:
Տիկին դեսպանը խոսեց նաև համավարակի դեմ պայքարում հայ բժիշկների ու ոստիկանների կարևոր առաքելության մասին և նշեց, որ տպավորված է նրանց աշխատանքով։

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատականի համար` նշեց, որ ոստիկանները համավարակի դեմ պայքարի աշխատանքներին զուգահեռ պատվով իրականացնում են իրենց հիմնական գործառույթները՝ հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։

Արման Սարգսյանը անդրադարձավ ՀՀ ոստիկանություն և Եվրամիություն սերտ համագործակցությանը, մասնավորապես` Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում։ Ներկայացվեցին Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների աշխատանքում և աջակցության պատրաստակամություն հայտնեց։

Ոստիկանության պետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար։
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ուղղություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: