Հայ Ազգային Կոնգրեսը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից է

Հայ Ազգային Կոնգրեսը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից է
Հայ Ազգային Կոնգրեսը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից է

ilur.am -Ինչպե՞ս եք վերաբերվում Ղրիմի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Լեւոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ. Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում: Միեւնույն ժամանակ, Կոնգրեսն իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ առաջացած հակամարտության կապակցությամբ, որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովուրդների եւ իշխանությունների երկխոսության միջոցով` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Կոնգրեսը նաեւ մտահոգված է վերջերս Ռուսաստանի եւ Արեւմուտքի` Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության միջեւ լարվածության աճի կապակցությամբ: Սառը պատերազմի դրսեւորումներով լարվածության էսկալացիան անընդունելի բաժանարար գծեր է ստեղծում, որոնք սպառնալիք են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանը եւ խաղաղությանը: Անվտանգության եւ տնտեսական զարգացման առումով ծանր վիճակ է ստեղծվում հատկապես Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի նման երկրների համար, որոնք ակամա հայտնվում են բաժանարար գծերի վրա: