Միջանկյալ կարգավիճակ Ղարաբաղի՞ն. հայկական կողմը որեւէ նոր բան չի տեսնում Ադրբեջանի հայտարարություններում

Ղարաբաղում լուրջ չեն ընդունում Ադրբեջանանական կողմի վերջին հայտարարությունները ԼՂ հիմնախնդրին առնչվող մադրիդյան սկզբունքների եւ Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու վերաբերյալ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե ադրբեջանական կողմի եւ Ալիեւի հայտարարությունն արված է «դասական տեղկատվական քաղաքականության շրջանակներում»:

«Այն նոր բան չի պարունակում, հնացած տերմինաբանություն է օգտագործում»,- ասում է Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր` Իլհամ Ալիեւը Ադրբեջանի կառավարության նիստում ներկայացրել է Մադրիդյան «նորացված» սկզբունքները, որոնք, ըստ նրա, 2009 թվականի վերջին ներկայացրել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ որոնց հավանություն չէր տվել Հայաստանը:

«Նախ եւ առաջ, այնտեղ նախատեսվում էր Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում զավթված տարածքներից: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի անհապաղ դուրսբերում հինգ շրջաններից, հինգ տարի անց` երկու շրջաններից, եւ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաեւ Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում: Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի գործառնությունը նույնպես կար այդ սկզբունքներում: Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ էր տարածաշրջան մտցնել խաղաղարար ուժեր: Նաեւ պետք է ապահովվեր օկուպացիայից տուժած բոլոր անձանց վերադարձը իրենց բնակության երբեմնի վայրերը»,- հայտարարել է Ալիեւը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի պարամետրերը նույնպես այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին: «Ես կարծում եմ, որ այդ տարբերակը կարող է ընդունվել: Իհարկե, դրանք հիմնարար սկզբունքներն են», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Միաժամանակ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել»:

Դավիթ Բաբայանը, սակայն, պնդում է, թե ադրբեջանական կողմը հաշվի չի առնում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, եւ որպես օրինակ է բերում վերջին իրադարձությունը` Հարավային Սուդանի անկախացումը:

Այնպես որ, ըստ Բաբայանի, բանակցությունները չեն կարող վերջնական փուլ, «եթե Ալիեւը շարունակում է առաջ գնալ նույն տրամաբանությամբ»:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը նույն ելույթում հայտարարել է նաեւ, թե բանակցությունները ընթանում են արդեն քանի տարի, եւ այժմ կողմերը գտնվում են, «այսպես ասած` բանակցությունների որոշիչ փուլում»:

«Ալիեւը ցանկանում է տարածքները վերադարձնել, դա բնական է, մենք էլ դրան համաձայն չենք, եւ ցանկանում ենք տեսնել Արցախի անկախությանը, եւ առաջ ենք քաշում այլ սկզբունքներ: Բայց երբ նա ասում է չի տեսնում Ղարաբաղը որպես անկախ պետություն, մենք ասում ենք, որ սա արդեն լուրջ չէ»,- ասում է Դավիթ Բաբայանը:

Ընդդիմադիր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե ադրբեջանական կողմի այս հայտարարությունների մեջ որեւէ նորություն չկա, քանի որ ադրբեջանական կողմը կրկնում է Մադրիդյան սկզբունքները:

«Դա հայտնի է բոլորին, բայց դա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ այնտեղ մեզ համար ավելի վտանգավոր դրույթներ կան: Այն է, որ Ղարաբաղը չի ստորագրում այդ փաստաթղթի տակ, եւ որ Հայաստանն է իր վրա վերցնում տարածքների պարտավորությունը, այն դեպքում, երբ Հայաստանը այդ տարածքների հետ որեւէ առնչություն չունի, քանի որ դրանք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ»,- ասում է Վլադիմիր Կարապետյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am