Կրթական ուղեցույցը՝ համատարած դժգոհությունների առիթ․ մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս ըմբռնումով մոտենալ իրավիճակին

Դպրոցներում նոր ուղեցույցով դասերի վերսկսման պահանջը դժգոհություններ է առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների շրջանում։ Նոր ուղեցույցով դասապրոցեսը սթրեսային է լինելու նաև աշակերտների համար։

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է այս փուլի քննարկումներին ու խնդիրներին։ Նա նշում է՝ ծնողները պետք է ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին, դժվարությունները ժամանակավոր են։

Նշենք, որ դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից։ ՀՀ պետական դպրոցներում այս տարի գրանցվել է 36161 առաջին դասարանցի։ Առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին։

«Դժգոհությունները, կարելի է ասել, համընդհանուր են, բոլոր կողմերից։ Իհարկե հասկանում ենք, որ այս ամենը պայմանավորված է արտակարգ դրությամբ, դպրոցների քմահաճույքը չէ, ծնողներն ըմբռնումով պետք է մոտենան այդ ամենին և հասկանան, որ սա ժամանակավոր բնույթ ունի։ Ինչու չէ, նաև մի քիչ էլ դրական առումով սա դերակատարություն կարող է ունենալ՝ արտակարգ դրության ընթացքում վարքի ամրապնդման առումով։

Մենք անընդհատ ասում ենք՝ երեխայի մոտ ինքնակառավարման հմտություններ, սթրեսակայունություն զարգացնենք, իրավիճակային վարքի փոփոխություն անենք։ Այդ առումով սա կարելի է դրական ներկայացնել»,- «Մեդիալաբին» ասում է Արսեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այս դժգոհությունները հասկանալի են, որովհետև սեպտեմբեր ամիսը դեռ շոգ է լինելու, և դժվար է դիմակով մի քանի ժամ անընդհատ մնալ դասասենյակում։

«Այսինքն՝ մի տեղում ուտելու են, մի տեղում շնչեն, դաս անեն և այդ ամենը՝ դիմակներով։ Այստեղ մեծանում է նաև դպրոցի աշխատանքը՝ կազմակերպչական առումով։ Այսինքն՝ այդ ամենը վերահսկողը դառնում է դպրոցը»,- նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ դպրոցները չեն կարողանա 100 տոկոսով վերահսկողություն սահմանել, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները։

«Եթե անգամ երկու հոգի հայտնվում են մի միջավայրում, արդեն այդ ռիսկը կա, էլ ուր մնաց 200 կամ 300 հոգի՝ աշխատակազմ, տարիքային տարբեր շերտեր։ Այսինքն՝ չենք կարող ասել, որ ռիսկերի կառավարումը 100 տոկոսով հնարավոր է։ Խնդիրներ լինելու են, հնարավոր է՝ նորից վարակի օջախներ լինեն, ոչինչ չենք բացառում»,- հավելում է Արսեն Վարդանյանը։

Նշենք, որ պարետատունը հաստատել է COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ առաջին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Ուսումնակրթական գործընթացն իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:

Դպրոցները պետք է ապահովվեն դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով։ Օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։ Դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար, դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:

Ըստ ուղեցույցի՝ մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի: Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր: Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։ Աշակերտներն ու մանկավարժները պետք է կրեն դիմակ, դասամիջոցներ չեն լինելու։

Ռիսկային խմբի սովորողների կրթությունը կազմակերպվելու է հեռավար տարբերակով։ 

Արսեն Վարդանյանի խոսքով՝ մանկավարժները կողմ են այդ քաղաքականությանը, որ եթե տանը կա ռիսկային խմբի ընտանիքի անդամ, կամ հենց երեխան ունի քրոնիկական հիվանդություն (կան երեխաներ, որոնք շաքարային դիաբետ ունեն), ապա նրանց ուսուցումը պետք է հեռավար կազմակերպվի։

«Հենց դասի ժամին այդ երեխաները Zoom հավելվածով կմիանան դասապրոցեսին։ Այս տարբերակը, կարծում եմ՝ արդյունավետ կլինի»,- ասում է նա։

Իսկ եթե այս կիսամյակում ևս կրթությունը հեռավար անցկացվեր, ինչպես նախորդ կիսամյակում, Արսեն Վարդանյանի խոսքով՝ կրթության որակը կտուժեր։ Հեռավար կրթությունից դժգոհությունը մեծ էր։

«Մենք լիովին պատրաստ չենք այդ հեռավար ուսուցմանը։ Կարծում եմ՝ նախարարությունն այս ընթացքում պետք է աշխատանք իրականացներ, եթե հեռավարի էր պատրաստվում, ապա պետք էր աշխատանք տաներ։ Ես կարծում եմ, որ եթե վարակի դեպքեր լինեն, դարձյալ պետք է անցում կատարենք հեռավարին, բայց այդ ուղղությամբ մեծ նախապատրաստական աշխատանք չի կատարվել»,- նշում է մասնագետը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս նոր կարգը երեխաների համար սթրե՞ս է առաջացնելու, մասնագետն ասաց, որ սթրեսն արդեն իսկ սկսվել է։

«Արդեն հարցնում են՝ ո՞նց ենք անելու, ինչպե՞ս ենք նստելու դասերին։ Իհարկե նրանց համար դժվար է։ Այստեղ մեզ մնում է ծնող-դպրոց-աշակերտ համագործակցությամբ խնդիրները հարթել։

Պետք է փորձենք միասնական աշխատել։ Ես ներքին լավատեսություն ունեմ, որ 1-1,5 ամիս հետո դիմակները մի կողմ ենք գցելու, անցնելու ենք բնականոն կյանքի, այս ամենը հիշելու ենք որպես տխուր անցյալ։

Այս մեկ ամիսը կարելի է մեզ մի քիչ նեղություն տալով, ստիպելով միասնական անցնենք այս դժվարության միջով։ Բայց, կրկնում եմ՝ շատ դժվար է, երեխաների համար շատ սթրեսային է, մեզ համար կրկնակի սթերսային է, որվհետև եթե երեխան 4 ժամ է լինելու դիմակով, մենք 8 և ավելի ժամ ենք լինելու դիմակով»,- ասում է Արսեն Վարդանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am