Էլեկտրական էներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում հաստատեց Էլեկտրական էներգիայի սակագները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հանձնաժողովից, սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։

Միաժամանակ տեղեկացնում են, որ Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվել են նաև 2023 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների  նոր սակագները։