Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ կրկին անդրադարձավ սպանդանոցների խնդրին: «Այսպիսով՝ առաջինը արձանագրում ենք, որ մինչև փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և, պլյուս դրան, լիզինգային ծրագրերը, որոնց մեջ պետք է լինեն շարժական սպանդանոցները:

Կազմվում է նախընտրելի քարտեզ՝ բաշխվածության ու խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք ու այնպես ենք անում, որ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ բաշխվածություն, որ համաչափ լինի»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող են հարստացնել այս փաթեթը, որ առավել արդյունավետ լինի: «Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունն անցնելու է այս համակարգին և որևէ ցույց չի լինելու:

Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստի օրակարգում մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ: Իսկ եթե պարզվի՝ ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»,- ասաց Փաշինյանը:

Նա սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: