Այրիները. «Ինքը վստահ էր, որ ամեն ինչ լավ կլինի». Վիլենա Հակոբյան

Հակոբյանների ընտանեկան ավանդույթի համաձայն՝ ամեն տարվա սեպտեմբերի 1-ին հայրը բռնել է երեխաների ձեռքը և դպրոց տարել։ Ընտանիքի կրտսերը՝ 6-ամյա Էդմոնը, իր առաջին ուսումնական տարվան ընդառաջ հորից օրհնություն ստանալու համար այս տարվա սեպտեմբերի 1-ին գնացել է Եռաբլուր։ 

Երեք որդիների հայր, 40-ամյա արցախցի Գագիկ Հակոբյանը զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։ 

«Անցած տարվա սեպտեմբերի 1-ն եմ հիշում»

Վիլենա Հակոբյան, 38 տարեկան

– Հավատս չի գալիս, որ մեկ տարին անցավ։ Զրոյից կյանք ենք սկսում։ Ես ոչինչ երբեք չեմ ուզել, միայն, որ ամուսինս կողքս լինի… իմ ու երեխաների կողքը լինի։ Մենք սիրող ու երջանիկ ընտանիք էինք, մեզ ուրիշ բան պետք չէր։ 

Սեպտեմբերի 1-ին գերեզման պետք է գնայի, տղաներիս շատ չէի տանում։ Փոքրս էլ ասաց՝ մամա, ես էլ եմ շատ ուզում գալ։ Մտածեցի, ասացի՝ վաղը դպրոց ես գնալու, արի։ Վաղը պետք է պապադ ձեռքդ բռներ, դպրոց տաներ, արի մենք իր մոտ գնանք, թող իր օրհնությունը քեզ տա։ 

Հիշողություններով ենք ապրում, երանի ենք տալիս անցած օրերին։

Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ն եմ հիշում։ Ամուսինս երկու մեծ տղաներին էր տարել դպրոց։ Փոքրին չհասցրեց։ Փոքրի հետ շատ կապված էր, որպես փոքր միշտ երես էր տալիս, ու հիմա փոքրը լիարժեք չի կարողանում հասկանալ, թե ինչու է ամեն ինչ փոխվել։

«Ինքը վստահ էր, որ ամեն ինչ լավ կլինի»

Ես Մարտունու շրջանի Գիշի գյուղից եմ, ամուսինս՝ Սոս գյուղից։ Ինձ մի տեսանյութում տեսել էր, հետո մի օր եկավ իմ հետևից։ 19 տարվա զինծառայող էր։ 2011-ին ամուսնացանք, մեկ տարի էլ չապրեցինք գյուղում։ Քանի որ Շուշիում էր ծառայում, տեղափոխվեցինք Շուշի։

44-օրյա պատերազմից հետո գնացինք Ստեփանակերտ վարձով ապրելու, մինչև 2023 թիվը։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտում մի կերպ էինք յոլա գնում, ճիշտ է՝ մերոնք գյուղից օգնում էին, մթերք էին ուղարկում։ Երբ ուրիշները խոսում ու հարցնում էին, թե ինչ է լինելու, ամուսինս իր սիրած խոսքն էր ասում՝ «լյոխ լավ ա ինան»։ Ինքը վստահ էր, որ ամեն ինչ լավ կլինի, ամեն խնդրի հանգիստ էր նայում։ 

Վերջին պատերազմի օրը տանն էր։ Այդ օրը եղբորս տուն էի գնացել։ Հենց ներս մտա, եղբայրս իր կնոջը զանգեց, ասաց՝ գնացեք երեխաներին դպրոցից բերեք, լարված վիճակ է։ Դա երևի 11:00-ի մոտ էր։ Եղբորս կինը գնաց երեխաներին մանկապարտեզից վերցրեց, ես էլ՝ դպրոցից, եկանք մեր տուն։ Տանը արդեն երեխաների հագուստն էի փոխում, մեկը՝ շալվարը հանած, մյուսը՝ շապիկը հանած, լսվեցին պայթյունների ձայներ։ Երեխաները շատ վախեցան, սկսեցին լացել, ես նրանց հանգստացրի ու նկուղ իջեցրի։ Ամուսինս մեզ թողեց նկուղում, բարձրացավ տուն, զինվորական համազգեստը հագավ ու գնաց։ 

Երբ եկավ մեզ հրաժեշտ տալու, նայեցի ու մտածեցի՝ ո՜նց է սազում ամուսնուս իր համազգեստը, ի՜նչ գեղեցիկ է նա։ Մինչև հիմա իր այդ պատկերը հիշում եմ։

Չէի մտածում, որ նրա հետ կարող է բան պատահել, բայց պատահեց…

«Շատ բան չեմ հիշում, միայն ուզում էի՝ երեխաներս կողքիս լինեն» 

Գիշերը նկուղում էինք, հաջորդ օրը երեխաներին վերցրի ու գնացի եղբորս տուն։ Գիշերը եղբայրս դիրքերից եկավ, ասաց, որ ամուսնուցս ինքն էլ լուր չունի։ Ինձ ամսի 24-ին ասացին, որ զոհվել է։ Ասում են՝ չորս հոգով են կռիվ տվել։ Ասում են՝ եթե նրանց հետևից գնային, հնարավոր է փրկեին։ 

Հաջորդ օրն առավոտյան զոհվածների ընտանիքներին ավտոբուսներով Ստեփանակերտից հանեցին։ Այդ ժամանակ ճանապարհը դեռ ազատ էր, շուտ ենք հասել, եկել ենք Երևան՝ բարեկամի տուն։ Գագիկին էլ այդ ժամանակ մեր հետևից տեղափոխել են Երևան։

Ես շոկի մեջ էի, բայց ուշք ու միտքս աշխատում էր միայն երեխաներիս հանելու ուղղությամբ։ Շատ բան չեմ հիշում, միայն ուզում էի՝ երեխաներս կողքիս լինեն, ու միասին անվտանգ տեղ հասնենք։ Մի քանի օրից ամուսնուս Եռաբլուրում հուղարկավորեցինք։

Որոշ ժամանակ բարեկամների տանն ապրելուց հետո տեղափոխվեցինք Էջմիածին՝ վարձով բնակարան։ 

«Ամբողջ բեռը պետք է ինձ վրա վերցնեմ»

Տղաները շատ ծանր են տարել հոր կորուստը։

Միջնեկս լուռ էր տանում, մեծն էլ ամբողջ օրը հոր նկարներն ու վիդեոներն էր նայում։ Ես էլ լացում էի։ Գիշերները լացում էի, առավոտյան լացում էի… փոքրս ասում էր՝ լացո՞ւմ ես, ասում էի՝ չէ, ասում էր՝ աչքերիս մեջ նայիր։

Սեպտեմբերի 29-ին ամուսնուս հուղարկավորեցինք, հաջորդ օրը փոքրս դարձավ հինգ տարեկան։ Ես ի վիճակի չէի որևէ բան անել, բայց ամուսնուս քույրը եկավ՝ փուչիկներ, տորթ բերեց, ես ասացի՝ դրա ժամանակը չի, ինքը ասաց՝ երեխա է, ինքը պետք է ուրախանա։ 

Շատերն են ասել, որ պետք է փորձեմ կյանքս դասավորել։ Ես դա բացառում եմ։ Ես չեմ կարող մեր երջանիկ օրերը մոռանամ, փորձեմ կյանքս կապեմ ուրիշի հետ։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ անել, բայց իմ մասին կարող եմ հաստատ ասել, որ չեմ ուզում իմ անձնական կյանքը դասավորել, իմ միակ ցանկությունը երեխաներիս իրենց նպատակին հասցնելն է։ 

Վիլենան, 12-ամյա Արսենը, 8-ամյա Լևոնը, 6-ամյա Էդմոնը։

Ամուսնուս հայրը 94-ին էր զոհվել, մայրը միայնակ էր նրան մեծացրել։ Հիմա էլ ինքը զոհվեց, ես միայնակ պետք է երեխաներիս մեծացնեմ։ Արդեն ամբողջ բեռը պետք է ինձ վրա վերցնեմ, որ կարողանամ երեխաներին թիկունք լինել… պարտավոր եմ։ 

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am