Հայկական կողմը զբաղված է մանիպուլյացիաներով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 20-ին Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, որոնցում Միրզոյանը անդրադարձել էր խաղաղության համաձայնագրի վերջնականացման գործընթացին և ներկայացրել Հայաստանի կառուցողական դիրքորոշումը։

Մնալով իր ագրեսիվ հռետորաբանությանը հավատարիմ, ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին փորձել է մերժել խաղաղ գործընթացին խոչընդոտելու իր պատասխանատվությունը և հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ օգտագործելով մանիպուլյատիվ տոն։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ցավոք, խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին կանգնած մարտահրավերները վերացնելու փոխարեն հայկական կողմը զբաղված է մանիպուլյացիաներով՝ Ադրբեջանին որպես խաղաղությամբ չհետաքրքրված երկիր ներկայացնելով»։

Նախարարությունը պնդել է, թե իբր համաձայնագրի շուրջ երկուուկես տարվա բանակցությունները ձգձգվել են հենց հայկական կողմի կողմից անընդունելի առաջարկների պատճառով։

«Այս փաստն անգամ ընդգծվում է, երբ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարում է, թե համաձայն է խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակին։ Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչպես է Հայաստանը խոչընդոտել գործընթացը։ Իսկ փաստացի, բանակցությունները հնարավոր դարձան ավարտին հասցնել միայն Ադրբեջանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ», – ասված է հայտարարության մեջ։

Բաքուն նաև կրկին հղում է արել ՀՀ Սահմանադրությանը՝ պնդելով, թե այն խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Սա չի կարող անտեսվել։ Մենք կրկին ընդգծում ենք՝ պայմանագիրը կստորագրվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը վերացնի մնացած խոչընդոտները», – ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հայկական կողմի՝ հաղորդակցության և զինաթափման մեխանիզմների վերաբերյալ առաջարկներին անդրադառնալով՝ Բաքուն խիստ տոնով արձագանքել է.

«Երբ Հայաստանի արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ Ադրբեջանը դրական չի արձագանքում այսպես կոչված առաջարկներին, թվում է՝ նրանք կա՛մ չեն հետևում Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններին, կա՛մ տառապում են անազնվությամբ և մանիպուլյացիայի ցանկությամբ»։

Նրանք նաև արդարացրել են պատերազմի և էթնիկ զտումների մեղադրանքով կալանավորված հայ գերիների կալանքը՝ պնդելով, թե դա «Ադրբեջանի անքակտելի իրավունքն է՝ հետաքննել և դատապարտել հանցագործությունները Ժնևյան կոնվենցիաների և միջազգային ու ներքին իրավունքի շրջանակներում»։