Ռազմաճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ` գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացմամբ

րցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ` երկու-երեք ուղղություններով: Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ` մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին, ընթացել են ծանր մարտեր: Երկուստեք կան կորուստներ, հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ, մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս բոլոր հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գիշերային ժամերին առաջնագծում տեղի են ունենում կրակի որոշակի թուլացումներ:

«Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես՝ հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն առավոտյան նորից վերսկսում են հարձակումները, տարբեր ուղղություններով սաստկանում են կամ մի փոքր թուլանում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: