«Փորձում ենք հասկանալ՝ կա՞ն յուրահատկություններ, որոնք բնորոշ են տվյալ վիրուսին, բայց բնորոշ չեն մի շարք այլ կորոնավիրուսների». վիրուսաբան

Լուսանկարը՝ www.Mediamax.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է վիրուսաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը

– Պարո՛ն Զաքարյան, վերջին երեք օրերին Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի նվազում է արձանագրվում, մասնավորապես, վերջին երկու օրերին օրական 11 և 20 նոր դեպքեր են հաստատվել։ Կարո՞ղ ենք ասել, որ հիվանդացության ցուցանիշների նվազման միտումը կպահպանվի։

– Եթե այդ նվազման միտումը շարունակվի, ուրեմն շատ լավ է։ Մեկ-երկու օրը դեռևս բավարար չէ ինչ-որ եզրակացություն անելու համար։ Մի քանի օր պետք է, որպեսզի իրավիճակը հասկանանք։ Կարող է 11 կամ 10 նոր դեպք հաստատվել, բայց մի քանի օր հետո նորից դառնա 60։ Առնվազն մի քանի օր պետք է սպասել, որպեսզի հնարավոր լինի հստակ ասել։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, դրանք տալի՞ս են անհրաժեշտ արդյունք։

– Ես չեմ կարող աշխատանքները գնահատել, որովհետև այդ աշխատանքներին առանձնապես ներգրավված չեմ։ Հետևաբար, դրանց որակը գնահատելը չափազանց դժվար է։ 

Ես միայն գիտեմ այնքան, ինչքան լրատվամիջոցներով հաղորդում են։ Իսկ արդյունավետությունը որոշելը շատ դժվար է, որովհետև արդյունավետությունը որոշելու համար պետք է հնարավոր լինի ինչ-որ բանի հետ համեմատվել։ Հավանաբար արդյունավետ են աշխատանքները, եթե նվազում նկատելի լինի նաև հաջորդ օրերին։ 

Բայց չունենք երկրորդ իրավիճակ, որի հետ կկարողանանք գնահատել մեր այսօրվա իրավիճակը, օրինակ՝ մի երկիր, որտեղ նույն քանակի բնակչություն է, նույն քանակի խտություն, որպեսզի համեմատվենք։

Առողջապահության նախարարն օրերս ասաց, որ չի բացառվում՝ կարող է գալ մի կետ, երբ այլևս հնարավոր չի լինի ցանկացած նոր դեպքի հետևից գնալ։

Միաժամանակ ասաց՝ դեռևս իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու շեմից շատ հեռու է գտնվում։ Ձեր կարծիքով՝ կա՞ ռիսկ, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, և ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։

-Իրավիճակը հավանաբար այն ժամանակ կարող է դուրս գալ վերահսկողությունից, երբ արդեն վարակված ու ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվն այնքան մեծ լինի, որ առողջապահության համակարգը չկարողանա բոլորին սպասարկել։ 

Չեմ կարող ասել՝ դա իրավիճակը վերահսկողությունից դուրս գա՞լ է համարվում, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում ծանր իրավիճակ կլինի, երբ ունես մեծ թվով հիվանդներ, բայց չունես բոլորին բուժելու ու խնամելու հնարավորություն։

Թե հիմա մենք ինչքանով ենք այդ վիճակին մոտ՝ դժվարանում եմ ասել։ Հուսով եմ՝ մոտ չենք և մոտ ապագայում մոտ չենք լինի։

Հաստատված դեպքերի վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս՝ վարակն արա՞գ է տարածվում։ Եվ ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել՝ հաշվի առնելով գրանցված դեպքերը։

– Կարող է լինել և՛ աճ, և՛ նվազում։ Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչ դինամիկա կշարունակվի։ Ընդհանուր միտումն ամբողջ աշխարհում այն է, որ դեռևս նվազման մասին խոսք չի գնում։ 

Կլինի՞ ինչ-որ պիկ, թե՞ չի լինի, քանի՞ ալիք կլինի՝ հայտնի չէ։ Կարող է ալիքներով էլի շարունակվել, նվազել, հետո նորից կտրուկ ավելանալ։ Այդ ամենը միայն ժամանակի ընթացքում հնարավոր կլինի իմանալ, որովհետև չկա ինչ-որ գործոն, որով հնարավոր է կանխատեսել, թե 5 կամ 10 օր հետո ինչ է լինելու։

Մենք մոտավորապես 900 հաստատված դեպք ունենք արդեն։ Այդ թիվը դեռ կաճի, բայց հուսով եմ՝ առանց զոհերի։

– Կա նման տեսակետ, որ եղանակի տաքացմանը զուգահեռ վիրուսը կարող է նահանջել։ Ի վերջո, հնարավո՞ր է հստակ ասել, որ եղանակի տաքացումը կնվազեցնի նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը։

– Սուր շնչառական վարակները սովորաբար իրենց ավելի լավ են զգում ցուրտ և չոր եղանակի ժամանակ։ Խոսքը, մասնավորապես, սեզոնային գրիպի մասին է։ Դրա համար էլ կանխատեսումներն այնպիսին էին, որ սա էլ իրեն այդպես կդրսևորի։ 

Աշխարհում արդեն եղանակը տաքանում է, բայց նոր կորոնավիրուսի գրանցվող դեպքերը չեն նվազում։ Հետևաբար ասել, որ այս վիրուսն իրեն կպահի այնպես, ինչպես մյուս սուր շնչառական վարակները, մի քիչ դժվարանում եմ։

Ես դեռ մեկ ամիս առաջ էլ էի ասում՝ հուսով եմ, որ եղանակի տաքացմանը զուգահեռ դեպքերի քանակը կնվազի։

– Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ներկայումս ի՞նչ հետազոտություններ են իրականացվում կորոնավիրուսի հետ կապված։

– Ուսումնասիրություն ենք իրականացնում, արդեն ավարտին է մոտենում, ավարտից հետո կմանրամասնենք։ Մենք վիրուսի սպիտակուցների կառուցվածքն ենք ուսումնասիրում։

Դա տեսական աշխատանք է, վիրուսային ինֆեկցիոն մասնիկների հետ չենք կարող աշխատել մեր պայմաններում, որովհետև կենսանվտանգության նորմեր կան, որոնք մենք չունենք։ 

Այս ուսումնասիրությամբ փորձում ենք հասկանալ վիրուսային սպիտակուցների կառուցվածքի կայունությունը։

Փորձում ենք հասկանալ՝ կա՞ն յուրահատկություններ, որոնք բնորոշ են տվյալ վիրուսին, բայց բնորոշ չեն մի շարք այլ կորոնավիրուսների, որոնք մարդկանց պոպուլյացիայում վաղուց կան։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am