Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում գործոն է և շատ լուրջ գործոն. Հովիկ Աղազարյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Պարո՛ն Աղազարյան, վերջին շրջանում շատ է շրջանառվում Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը: Իշխանական թիմում նման քննարկումներ ընթանո՞ւմ են: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ կարծիք ունեք Միութենական պետությանն անդամակցելու հարցում:

– Նման քննարկումներ մենք չենք ունեցել խմբակցության մակարդակով, իսկ ինչ վերաբերում է իմ անհատական կարծիքին, ես դեմ չեմ ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն այնքանով, եթե դրանք նվազագույնը ազդեն մեր ինքնիշխանության վրա:

Օրինակի համար՝ որպես չափանիշ, կարելի է վերցնել Եվրոպական միությունը, և երբ կլինեն համապատասխան գործընթացներ, համապատասխան փաստաթղթեր, դրանց ծանոթանալիս կարելի է զուգահեռներ անցկացնել՝ որպես չափանիշ ինտեգրացման ամենաբարձր կետ, նաև հաշվի առնել մեր պետական շահերը:

Փաստորեն, եթե Միութենական պետությանն անդամակցելու պարագայում Հայաստանի ինքնիշխանությանն ու սուվերենությանը վտանգ չսպառնա, դուք դեմ չե՞ք լինելու այդ միությանը:

– Իհարկե դեմ չեմ լինի, եթե վտանգ չսպառնա: Նորից եմ ասում, եթե լինի այնպես, ինչպես Եվրոպական միության պարագայում է, ապա ես կարող եմ դրա շուրջ մտածել դրական տրամադրվածությամբ, բայց մինչև չլինեն համապատասխան փաստաթղթերը, ես չեմ կարող վերջնական բան ասել:

Պարո՛ն Աղազարյան, որոշ ընդդիմադիր գործիչների համոզմամբ՝ ձեր իշխանության վարած քաղաքականությունն ավելի է մոտեցրել Հայաստանը Միութենական պետությանն անդամակցելու վտանգին:

– Չեմ կարող համաձայնել, որովհետև այդ Միութենական պետության մասին խոսակցություններն ամենաքիչը մի 15 տարի է՝ կան, հետևաբար դա կապել մեր իշխանության հետ սխալ է: Ընդհանուր խնդիրների իմաստով, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այդ խնդիրները նույնն են՝ ոչ միայն անվտանգային իմաստով, այլ նաև հենց տնտեսական գործընթացների ինտեգրման իմաստով, շատ ուրիշ հարցերի իմաստով ևս:

Հաշվի առնելով այս խնդիրները՝ հնարավոր է, որ նպատակահարմար լինի այդ անդամակցությունը, բայց մեր սուվերենությունը դրանից պետք է մինիմալ տուժի:

Այսինքն՝ չե՞ք ընդունում այն դիտարկումները, որ ձեր իշխանության մեղքով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից ավելի է մեծացել:

– Իհարկե չեմ ընդունում. մեր իշխանության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք արդեն երկու անգամ ապահովել ենք մաքուր, թափանցիկ, արդար ընտրություններ, և երբ գա նմանատիպ դարակազմիկ հարցի հետ կապված դիրքորոշում ընդունելու պահը, ապա քաղաքական ուժերը հանդես կգան իրենց պլատֆորմով, իսկ այդ ամենը ժողովուրդը կամրագրի իր քվեով, հետևաբար այդ մեղադրանքներն անհիմն են նաև այն իմաստով, որ ճիշտ հակառակը՝ այսօր մեր ժողովուրդն ավելի ակտիվ ու անմիջական է իրացնում իր իշխանությունը Սահմանադրությամբ, քան երբևէ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տպավորությամբ՝ ձեր քաղաքական թիմը վարում է այնպիսի քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում գործոն հանդիսանալու փոխարեն դարձնում է գործիք: Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում այսօր գործո՞ն է, պարո՛ն Աղազարյան:

– Դա նույնպես շատ թափանցիկ է ու անզեն աչքով էլ նկատելի է, որ ՀՀ-ն այսօր տարածաշրջանում գործոն է և շատ լուրջ գործոն, որովհետև այն գործընթացները, որոնք գնում են այսօր, հաշվի առնելով պատերազմական իրողություններն ու անհաջողությունները նաև որոշ իմաստով, ապա իմ գնահատականն այսպիսին է, որ մենք գործոն ենք:

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չեմ նայել, հետևաբար կդժվարանամ նրա մտքերի հետ կապված որևէ կարծիք հայտնել:

Արձանագրո՞ւմ եք, որ ՀՀ-ն ձեր իշխանության օրոք ինքնիշխանության ու սուվերենության կորուստ չի ունեցել, ինչպես ասում են ձեր ընդդիմադիր գործընկերները:

– Ախր պետք է հասկանաք մի պարզ ու հասարակ բան. իշխանության կրողը ժողովուրդն է, ժողովուրդը մեզ որոշակի ժամանակահատվածի համար տվել է հնարավորություն, լիազորություն իր իշխանությունը իրականացնելու համար, հետևաբար, եթե այդ հանձնարարությունը մենք չենք կատարում պատշաճ մակարդակով, ժողովուրդը կարող է պատահի համապատասխան դիրքորոշում ունենա:

Մենք, ես համարձակություն կունենամ ու թույլ կտամ ինձ ամբողջ թիմի անունից ասել, որ պատրաստ կլինենք ներկայանալու հերթական անգամ ժողովրդի դատին՝ այս կամ այն դարակազմիկ հարցի հետ կապված դիրքորոշում ունենալու համար: Իսկ այդ երևույթը մենք ապահովել ենք, մնացած բոլոր խոսքերը սին են:

Իսկ այդ, ինչպես ասում եք՝ սին խոսքերն ի՞նչ նպատակով են հնչեցվում:

– Նպատակը շատ լոկալ է, որ ինչքան հնարավոր է վարկաբեկեն իշխանությանը, փորձեն բարձրացնել դժգոհության ալիք ու դրա վրա, այսպես կոչված, Վազգեն մանուկյանական սցենար կյանքի կոչեն, ոնց որ երազում էին անել, ու հետո վերադառնան հին ու բարի ժամանակները, երբ ժողովուրդը չէր կարողանում իրացնել իր իշխանությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am