«Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար». ըստ Տարոն Մարգարյանի, իրավիճակը կշտկվի

«Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար». ըստ Տարոն Մարգարյանի, իրավիճակը կշտկվի
«Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար». ըստ Տարոն Մարգարյանի, իրավիճակը կշտկվի

Այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ավտոկայանման համար ամեն քայլափոխին հանդիպող «հե’տ,-հե’տ, առա’ջ, ա’ջ, ձա’խ» բացականչող «պարկովշիկների» գանձումների խնդրին` նշելով, որ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունների հիման վրա աշխատանքային խումբ է ստեղծվել:

Քաղաքապետը նշել է, որ գույքագրվում և ուսումնասիրվում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:

«Այսօր մայրաքաղաքի հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած` գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ, և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը:

Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, քաղաքապետը հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին և ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում:

Այս մասով Տարոն Մարգարյանը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու ըստ այդմ կնքել նոր պայմանագրերը:

© Medialab.am