«Շատ հաճախ ոստիկանները չեն հասկանում՝ ով է բռնարարը, և ով է զոհը». ինչու են ամուսինները սպանում իրենց կանանց

«Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Հարությունյանը արդարացի է համարում քննադատությունները, թե ոստիկանությունը հետամուտ չէ ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխմանը:

«Կինը դիմում է ոստիկանություն և ներկայացնում, որ զուգընկերոջ կողմից իրեն ուղղված սպառնալիք կա, սակայն ոստիկանությունում լուրջ չեն վերաբերվում, երբեմն-երբեմն կնոջը պիտակավորում են»,- «Մեդիալաբին» ներկայացնում է կազմակերպության նախագահը:

Ոստիկանություն դիմելու և արձագանք չստանալու հետևանքով էլ մարտի 11-ին Զովունի գյուղի դպրոցի մոտ տեղի էր ունեցել ողբերգական դեպքը, երբ 46-ամյա ամուսինը նռնակով պայթեցրել էր իրեն ու իր հասակակից նախկին կնոջը: Նրանք ունեցել են 4 երեխա:

Մահացած կնոջ՝ Նելլիի հարազատները լրատվամիջոցներին պատմել էին, որ նա բազմաթիվ դիմումներ է գրել ոստիկանություն իր նկատմամբ բռնության, ծեծի ու մահվան սպառնալիքների մասին, սակայն ապարդյուն՝ ոստիկանություն կանչված նախկին ամուսինը այնտեղից դուրս է եկել առանց որևէ հետևանքի: Ավելին, Նելլիի հարազատները պատմել են, որ նախկին ամուսինը կնոջ կյանքը դժոխքի է վերածել, սակայն երբ կինը դիմել է իրավապահներին, նրան պատասխանել են՝ հարցերը լուծիր ամուսնուդ հետ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից ոստիկանների անգործության մասին հարցին հստակ պատասխան չտվեցին և բավարարվեցին ասելով. «Այդ գործով իրականացվում է նախաքննություն, որը կտա նաև այդ հարցի պատասխանը»:

ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ Նելլի Դուրյանը, որն այժմ համակարգում չի ծառայում, հակված չէ կարծելու, թե ոստիկանության ծառայողները անգործության են մատնվել:

«Ոստիկանները հիմնականում և շատ-շատ դեպքերում իրականացնում են այն գործառույթները, որոնք իրենց վերապահված են, բայց այլ հարց է, որ հանրության մի ստվար հատված, ինչու ոչ, նաև շատ կազմակերպություններ կարծում են, թե այդ գործառույթը պետք է ոստիկանն աներ, բայց չի արել: Շատ են եղել դեպքերը, երբ տարբեր օղակների ու տարբեր մարմինների գործառույթները վերագրել են ոստիկանությանը»,- «Մեդիալաբին» ասում է Նելլի Դուրյանը:

Նա հիշում է՝ իր գործունեության տարիներին ոստիկանությունը մշտապես արձագանքել է ընտանեկան բռնության դեպքերին՝ անկախ նրանից՝ հարցի լուծումը եղել է այդ մարմնի լուծման իրավասության տիրույթում, թե ոչ:

«Բռնության դեպքերի ժամանակ, երբ մարդիկ դիմում են ոստիկանություն, շատ անգամ մտածում են, որ կանխումը ոստիկանության գործառույթն է, որովհետև միշտ տեսել են, որ ոստիկանը միջամտել է և փորձել է հարցին լուծում տալ: Միգուցե սա այդ դեպքերից է: Բայց մի բան վստահաբար կարող եմ ասել՝ եթե հանկարծ ոստիկանությունը թերացած լինի, ապա հավատացած եղեք, որ ոստիկանության ղեկավարության կողմից դա միանշանակ արձագանքի է արժանանում»,- նշում է Նելլի Դուրյանը:

«Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Հարությունյանը թարմ դեպք է հիշում. «Վերջերս Վայոց ձորի մարզային ոստիկանությունում բռնության ենթարկված կնոջ բողոքներին չեն արձագանքել, հեգնել են՝ ասելով՝ գնացեք ձեր հարցը ձեր տանը լուծեք: Այդ հարցում հավանաբար ազդել է նաև այն հանգամանքը, որ բռնության ենթարկված կնոջ ամուսնու մերձավորը ոստիկանությունում է աշխատում»:

Մարզերում կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպության ղեկավարն ասում է, որ ոստիկանության կողմից շատ դեպքերում ընտանեկան բռնության դեպքերը վերաորակվում են որպես կոնֆլիկտ ու քողարկվում են: Ավելին, եղել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները ծաղրել են բռնության ենթարկված կնոջը:

«Շատ քիչ է լինում, որ ոստիկանությունը դեպքը որակում է որպես ընտանեկան բռնություն, ու բռնության ենթարկված անձին անհետաձգելի օգնություն է ցուցաբերվում: Դրանք էլ այն դեպքերն են, որ որևէ կերպ հնարավոր չէ թաքցնել: Ես միշտ ոստիկանության աշխատանքից դժգոհ եմ եղել ու էլի դժգոհում եմ, ոչինչ չի փոխվում»,- նշում է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ շատ հաճախ ոստիկանության ծառայողները չեն հասկանում՝ ով է բռնարարը, և ով է զոհը. «Ես կարծում եմ՝ ոստիկանության աշխատողների համար պետք է իրականացվի վերապատրաստում, հատկապես մարզերում, որպեսզի նրանք ճիշտ աշխատանք տանեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց հետ: Մենք վերջերս մի դեպք էինք ունեցել, որ կնոջը հոգեբանական բռնության էին ենթարկել, կինը դիմել էր ոստիկանություն, սակայն ոստիկանները գնացել էին ու արձանագրել, որ բռնարարը կինն է, որովհետև կնոջ եղունգը տղամարդու դեմքին փոքր խազ էր առաջացրել: Ա՛յ այսպիսին է ոստիկանությունը»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am