Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով

 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով՝ ընդհանուրը դառնալով 155 հազար 370:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Ռուսաստանում ապաքինվածների թիվն ավելացել է 1 770-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 19 հազար 865 մարդ:

Մահացու դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով՝ ընդհանուրը կազմելով 1451:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։