ՀԱՊԿ-ը Հայաստանում «Որոտ-2021» հատուկ զորավարժություններ կանցկացնի

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-28-ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կազմում ներառված թմրամիջոցների դեմ պայքարի հատուկ ծառայությունների, ներքին գործերի մարմինների մասնակցությամբ, գրում է Factor.am-ը։

Այս մասին ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունում։ Վարժանքներն անցկացվելու են 2021թ․ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական ու վերահսկիչ մարմինների և ուժերի, միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն: Առաջին փուլում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության խմբերն ու ՀՀ Զինված ուժերը կատարելու են ուսումնամարզական առաջադրանքներ լեռնային ռելիեֆով բարդ տեղանքում։

Միաժամանակ, կանցկացվեն նաև հրամանատարաշտաբային մարզումներ։ Առաջադրանքները կատարելիս ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ուժերը ՀՀ Զինված ուժերի ու սահմանապահ զորքերի հետ կմշակեն փոխգործակցությունը, փորձ և հմտություններ ձեռք կբերեն՝ մարտական գործողություններին մոտ պայմաններում հատուկ գործողությունների անցկացման համար։

Զորավարժությունների երկրորդ փուլով կանցկացվեն մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, նաև կխաղարկվեն հատուկ նշանակության ուժերի օպերատիվ-մարտական խմբերի գործողությունները՝ նախատեսված առաջադրանքները կատարելիս։