Հայաստանի կինոյի հիմնադրամը տեղեկացնում է, որ ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում անելով դեռևս 1990-ականներին կնքված պայմանագրին, ներկայացրել է պահանջներ հայկական կինոժառանգության մաս կազմող շուրջ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունենալու վերաբերյալ։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը։
Հայկական կինոժառանգությունը մեր ազգային հիշողության և մշակութային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, իսկ դրա պահպանությունը, հանրահռչակումը և միջազգային ներկայացումը Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջնահերթություններից են։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և իրավասու կառույցներին։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով։



















