«Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար ութ զինվոր եմ մեծացնում». 9 զավակ ունեցող գորիսեցիների դժվար կյանքը

«Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար ութ զինվոր եմ մեծացնում». 9 զավակ ունեցող գորիսեցիների դժվար կյանքը
«Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար ութ զինվոր եմ մեծացնում». 9 զավակ ունեցող գորիսեցիների դժվար կյանքը

«Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար ութ զինվոր եմ մեծացնում»,-ասում է 9 զավակների հայր, գորիսեցի Արմենը:
Ժողովրդի մեջ ընդունված բարեմաղթանք է` «Յոթը որդով սեղան նստես»: Գորիսում մի ընտանիք կա, որտեղ ոչ թե 7, այլ 8 որդով են սեղան նստում, ու 8 եղբայրների միակ քույրիկն էլ մայրիկի հետ սեղան է գցում…
Այստեղ ռոմանտիկան կանգնեցնենք:

 

Իրականությունն այն է, որ այս անշուք (չասենք` աղքատ) տան կուշտաչք երեխաներն ընդամենը «աշխարհի համար խաղաղություն» են ուզում և մեր կպչուն հարցապնդումից հետո միայն` հեծանիվ, բայց ավելի շատ գնդակ են երազում: Ֆուտբոլ խաղացողների խնդիրն էլ լուծված է. մրցակից թիմերը տնից են` կիսվում են, ու մնում է ընդամենը ավելացնել մրցավարի սուլոցը: Այս տան տղեկներից մեկի երազած ուտելիքները սոուսն ու խորովածն են, հայրիկի փափագը` գոնե մի ապրանք (անասուն) ունենալն ու երեխաներին թացանով յոլա տանելը. «2 տարի առաջ մի քիչ մեր աշխատած-հավաքած գումարով ու մի քիչ էլ օգնությամբ մի քանի հատ մայր ոչխար ձեռք բերեցի, տնով-տեղով ոգևորվեցինք, բայց դրանց էլ մի գիշեր անտեր գելը փրթեց. դե՛, տեսնում եք` մեր տունը անտառի բերանին է…»: Իսկ երեխաների մայրը` Էլիկը, երազում է հիմնական աշխատանք (ասում է, որ կհասցնի ու հավատում ես` դատելով նրա կայտառ շարժուձևից, պահած տան ու երեխաների տեսքերից) ու կոմունալ-կենցաղային ամենատարրական պայմաններ: Այս տանը, որտեղ ապրում է 11 մարդ, գազ ու լվացքի մեքենա չկա:

Սեփական հարկ ունենալը ողջ ընտանիքի համար անիրականանալի ցնորք է (կիսավեր, խարխուլ այս տունն, Արմենի ասելով, իր հայրական օջախն է, որը նաև իր քույր-եղբայրներինն է): Զարմանալի հավաք ու զուսպ մթնոլորտ է տիրում այդ ընտանիքում:

Ավագ որդին 17 տարեկան է, կրտսերը` 6 ամսական:

37-ամյա Արմենի և 35-ամյա Էլիկի առաջնեկը` Գևորգը, 13 տարեկանից վաստակում է ցերեկը ավտոլվացման կետում, գիշերը` փուռերից մեկում. «Եթե նա չաշխատեր, մենք…– մի պահ լռում է Էլիկն ու շարունակում:– Ինձ էլ մեկ-մեկ տան գործերի համար են կանչում: Ամուսինս մշտական աշխատանք չունի, երեխեքի հետ մեր փոքրիկ ու անջուր տնամերձն են մշակում, ցախ-մախ հավաքում»:

Ընտանիքն ընդամենը 70.000 դրամ ($ 181) նպաստ է ստանում: Խանութներում մոտ 400.000 դրամի ($ 1036) վաղուց կուտակված պարտք ունեն: «Շատ եմ նեղվում, բայց, ի՛նչ արած, հերթը պարտք փակելուն չի հասնում: Մարդիկ էլ, երախտապարտ եմ, մեզ շատ նեղը չեն գցում, մեր դրության մեջ են մտնում ու հավատում մեր` պարտքերը քիչ-քիչ փակելու խոստմանը,-ասում է Էլիկը:- Ախր վերցրածներս էլ ընդամենը առաջին անհրաժեշտության բաներ են` հաց, ձեթ, շաքարավազ, օճառ, կոշիկ, գրենական պիտույքներ…Դեռ լավ է` տղաներիցս 4-ը քաղաքի N1 հատուկ դպրոցում են (նախկինում` գիշերօթիկ) սովորում, շաբաթվա 5 օրն այնտեղ են սնվում, գիշերում, ամեն օր գնալ-գալու, հագուկապի լուրջ խնդիր չունեն, իսկ Իսկուհին ու Սևակը հանրակրթական դպրոցում են»:

Աղջիկը մորը հավասար տան հոգսերն է կրում, ու դրանից դպրոց կանոնավոր գնալ-սովորելն է տուժում: Սևակի հարցում նույնպես մայրն իրեն շատ մեղավոր է զգում. նա չի կարողանում իր առաջին դասարանցի երեխային կարգին հետևել. ի՞նչ կարող է անել` կենցաղային զբաղվածությունը կլանում է ամբողջ ժամանակը: Փոքրիկների հագուկապը հասցնելու մասին խոսելն իսկ ավելորդ է: «Երեխաներիս դասերից շատ բացակայելը նրանց հագուստ, կոշիկ չունենալու պատճառով է նաև»:

Քաղաքի N2 միջն. դպրոցի տնօրեն Ս. Ակլունցն իր մտահոգություններն է կիսում մեզ հետ. «Գիտե՞ք, բազմազավակ ծնողներ լինելը` անկախ շատ հասկանալի հոգսաշատությունից, անկախ ահռելի սոցիալական դժվարություններից, անկախ զբաղվածության չափից, արդարացում չէ` երեխաների կրթության, նրանց ճակատագրերի նկատմամբ այդչափ անտարբեր լինելու հարցում: Աստված պահապան` նրանք ինն են ու դեռևս մի հարկի տակ են, բայց չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը վաղը ինքը պիտի իր օրվա ապրուստը վաստակի, իր տունը պահի, իսկ այս երեխաների հանրակրթությունն իսկ արդեն լրջորեն վտանգված է: Խոսքս մեր դպրոց հաճախող նրանց 2 զավակների մասին է: Ափսոս են` ունակ, հետաքրքիր երեխաներ են: Դպրոց գալու, երեխաներով հետաքրքրվելու համար նրանց ժամանակը երբեք չի հերիքում»:

«Կարգին երեխաներ են, որպես այդ տարիքի տղաներ` մեր հաստատության մի քանի դժվար դեռահասների թվին երբեք չէի դասի, սովորում են` որքան հասցնում են, հավաք, հասկացող երեխաներ են», – սա էլ քաղաքի N1 հատուկ դպրոցի տնօրեն Վ. Շալունցի կարծիքն է Հարությունյան չորս եղբայրների մասին:

Այս երկու կարծիքների հատույթում գուցե իրո՞ք սոցիալական ամենատարրական կռվաններն են: Արդեն փոքրիկ օրիորդ, սիրունատես Իսկուհին էլ, անկասկած, կուզենա մի քիչ գոնե վայելուչ հագուկապով հայտնվել իր հասակակիցների շրջապատում: Իսկ սոցիալական գորդյան այս հանգույցը միայն այս ընտանիքինն է, միայն մայրը գիտե, թե ինչը և որչափ չի հերիքում, չկա՜… «Մեզ ձեռք մեկնողն էլի, երբ էլ դիմում ենք, մարզպետարանն է: Մեկ-մեկ էլ` նոր ուսումնականի շեմին կամ շատ ճարահատ դեպքերում, դեպի քաղաքապետարան եմ գնում… 2005 թվականից մեզ խոստանում են, որ կօգնեն մեր տան գոնե մի քիչ բարեկարգման հարցում, բայց…», – ասում է Էլիկը:

«Ոնց բերել են, էնպես էլ թող պահեն»,- կասեն շատերը: Եվ ասում էլ են: Փա՜ռք Աստծու, անկախ մեր դատողություններից` մեզ հետ, մեր կողքին, մեր նվազող ժողովրդով հայրենիքի հեռավոր մի անկյունում, կա ինն անչափահաս զավակներով (Գևորգը, Իսկուհին, զույգ եղբայրներ Արան ու Արթուրը, Ալենը, Գոռը,Սևակը, Հրանտը, Վահեն) այս ընտանիքը:

Ընտանիքի հայրը` Արմենը, հրաժեշտին, չգիտես` նեղվա՞ծ, թե՞ սյունեցի տղամարդու կոշտ ու չճկվող արժանապատվությամբ, համառոտագրում է իր կյանքը. «Հայրս անտառապահ էր, նրա ու քաղաքում հայտնի մեր մականունն էլ հենց անտառի` «քոլի» հետ է կապված: Ես էլ ուրախ մանկություն չեմ ունեցել` 13 տարեկանից որբ ենք մնացել… Մեծացել ենք, էլի, թող չշարունակեմ, չորսից ոչ մեկս էլ հեշտ չենք ապրում, մի եղբայրս էլ` Արամը, ազատամարտիկ էր Հորադիզում` պատերազմի համարյա ավարտին զոհվել է…– երկար դադարից հետո շարունակում է: – Ինչ արած, կյանք է, ամենքն իրենց բաժինն ունեն… Բայց ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար 8 զինվոր եմ մեծացնում…»:

Ամեն երկուշաբթի, արդեն աշխատավոր Գևորգի հետ, այս տնից 6 դպրոցական է դուրս գալիս, իսկ շաբաթ ու կիրակի օրերին 11 մարդ է սեղան նստում: Դե՛, Էլի՛կ, ե՛կ ու զարգացրու՛… երևակայությունդ…

…Հին ու լքված գյուղական օթևան հիշեցնող, անտառի պռնկին թառած այդ տան բակից Արմենի սաստելուց հետո գլուխն առջևի թաթերի վրա դրած, ճեփ-ճերմակ Գաբարն էլ տեղից վեր կացավ ու մեր հնազանդ ճանապարհեց…

Մենք էլ մտահոգվեցինք, շատ ապրումներ ունեցանք, մտորեցինք ու դառնացանք, բայց եկանք տուն ու 9 անչափահաս երեխաներով այդ տունն` իր հոգսերով ու խնդիրներով, էլի թողեցինք անտառի պռնկին… Տուն, որտեղ մեկ անկողնում (տանն ընդամենը 4 մահճակալ կար) երեխաներն առնվազն զույգ-զույգ են քնում ու հեծանիվ, գնդակ, սոուս ու խորոված երազում, որտեղ 11 հոգու լվացքը մայրը, բակից ջուր կրելով, ձեռքով է անում, հայրը տունը թացանով յոլա տանելու համար մի անասուն ունենալ է երազում…Բայց մեզ հետ տանում ենք անուշ ու խելացի աչուկներով երեխաների ու նրանց օջախի տաքությունն ու արժանապատվությունը:

Լենա Հովսեփյան

http://lenahovsepyan.com/?p=172

Լուսանկարները` Մերի Աղախանյանի

Տես Ֆոտոպատմությունը


 

Հոդվածը տպագրվում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի լրագրողական-բարեգործական ծրագրի շրջանակներում:

Միավորելով մեդիա հնարավորությունները` «ՄեդիաԼաբ» «Հետք», «Առավոտ», «168 ժամ», և «ArmRegions» պարբերականները ներկայացնում են «Հայ Ձմեռ պապ-2012» թողարկումը`օգնելու մեր հայրենակիցներին դուրս գալու սոցիալական փակուղուց:

Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր օժանդակությունները հետևյալ հաշվի համարի վրա. «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ.ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ բաժինը: Մաղթում ենք, որ 2012-ը դառնա արժանապատիվ աշխատանքի, սոցիալական հույսի և առողջության տարի: