Կադրե՞ր, թե՞ բարեփոխումներ. գյուղատնտեսության անմխիթար վիճակը և աննախադեպ գնաճը շատերի մոտ լավատեսության տեղ չեն թողել

Անցյալ տարեվերջին «մեկնարկած» պաշտոնանկությունների շքերթում երկուշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին` հույս հայտնելով, թե անցյալ տարվա անբավարար ցուցանիշները կշտկվեն 2011-ին` շեշտելով, թե «գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետևանքների», և գների բարձր մակարդակ:
«Այն ունեցավ բավական լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա»,- հայտարարել է Սարգսյանը` նշելով, թե բազմաթիվ անելիքներ կան «բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման տեսանկյունից»։
Սակայն նոր նշանակումը և իշխանությունների «հույսերը» անցյալ տարվա գյուղապրանքների թռիչքային գնաճի պայմաններում, որը գագաթնակետին հասավ տարեվերջին` տոներից առաջ ձվի գների գրեթե կրկնակի աճով, շատերի մոտ լավատեսության տեղ չեն թողել:

«Ես հույս չունեմ, թե մեր ժողովրդի վիճակը պիտի դզվի, կամ գներն իջնեն,- «Մեդիալաբին» ասում է Երևանի կենտրոնում գնումներ կատարող տնային տնտեսուհի Մանիկ Գալստյանը: -Տուժողը մենակ ժողովուրդն ա, հո իրանք չեն»:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2010-ին Հայաստանում գնաճը կազմել է 9,7 տոկոս, սակայն շատերն «իրական» գները համադրելով պաշտոնականի հետ արձանագրում են, որ իրականում անցյալ տարին աննախադեպ էր գնաճի տեմպերի առումով:

Այս տարեսկզբի համեմատությամբ` տարեվերջին արդեն հիմնական սննդամթերքների մեծ գնաճ է գրանցվել, որոշ ապրանքներ թանկացել են կրկնակի-եռակի և ավելի, օրինակ` կարտոֆիլի գներն աճել են առնվազն 150, միսը` 30, պանիրն առնվազն 80%-ով:

Սակայն գնաճի իսկական հրավառություն գրանցվեց տարեվերջին` նոր տարվա տոների նախօրեին, երբ Հայաստանում մեծ թափով ընթանում էին տոնական սեղանի նախապատրաստություններ:

Մսի, չրեղենի, ընկուզեղենի, մրգերի ու բանջարեղենի գնաճին զուգահեռ, մայրաքաղաքի խանութներից և սուպերմարքեթներից սկզբում իսպառ վերացավ ձուն` շատերին հիշեցնելով խորհրդային տարիների հաճախակի դարձած «դեֆիցիտ» բառը, ապա ներկրվող հավկիթների կողքին հայտնվեց առնվազն 200 տոկոս բարձր գնով` առանց հիմնավոր բացատրության, թե ինչ է եղել իրականում:

Թեև տարվա ընթացքում բազմիցս շրջանառվում էր արդեն նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկության հարցը, սակայն միայն տարեվերջին` ենթադրաբար հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը`14,5 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե քաղաքական որոշում են կայացրել` հետ կանչելու նախարարին:

«Կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով գյուղատնտեսության նախարարի գործունեությունը, որոշում է կայացրել նրան հետ կանչել իր զբաղեցրած պաշտոնից` հաշվի առնելով, իհարկե, արձանագրված տնտեսական ցուցանիշները, որի վրա իր բացասական ազդեցությունը թողեց և´ ֆինանսատնտեսական ճգնաժամը, և´ բնակլիմայական պայմանները»,- ասել է Բաղդասարյանը, որի կուսակցությունը ներկայացրել է նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանի թեկնածությունը:

62-ամյա Սերգո Կարապետյանն ավելի քան 15 տարի աշխատել է Հայաստանում թերևս ամենահայտնի պահածոների գործարաններից մեկի` «Արտֆուդի» խորհրդի նախագահ ու գլխավոր տնօրեն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը նոյեմբերի սկզբին խիստ քննադատության էր ենթարկել գյուղատնտեսության նախարարության աշխատանքները` նշելով նաև կոռուպցիայի առկայության մասին, հունվարի 10-ին նախարարությունում ներկայացնելով նոր նախարարին, նշել է, թե շատերն են ճանաչում նրան, և որ նա «մշտապես առնչվել է գյուղատնտեսության ոլորտին, ծանոթ է առկա խնդիրներին»։

«Նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության խոշորագույն վերամշակող ձեռնարկությունը, որն առաջինն արդիականացրեց իր տեխնոլոգիաները։ Հասկանալի է, որ ձեռնարկության հաջողությունների զգալի մասը պայմանավորված է ձեռնարկության ղեկավարության կարողություններով, նրանց փորձառությամբ»,- ասել է վարչապետը։

Նորանշանակ նախարարն էլ իր հերթին խոստացել է գյուղնախարարությունը դարձնել «հանրապետության լավագույն և օրինակելի նախարարություններից մեկը»:

Սակայն Հայաստանի «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ առանձնապես մեծ սպասումներ չունի: Նրա կարծիքով` գյուղնախարարության գործառույթներից մեկը կանխատեսումներ անելն ու քայլեր ձեռնարկելն է, ինչը չի արվել:

«Անկեղծ ասած` նախարար փոխելն ինձ քիչ է հետաքրքրում,- «Մեդիալաբին» ասում է Պողոսյանը: – Պետրոսը գնաց, Պողոսը եկավ` դրանից ի՞նչ օգուտ, երբ տնտեսական քաղաքականությունն արատավոր է»:

Նա ասում է, որ սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը հայտնվել է դժվարին կացության մեջ:

«Գյուղացուն ոչ թե պետք է խեղդել, այլ արտոնություններ տալ, ինչը չի արվում,- կարծում է Պողոսյանը: – Եթե գյուղացուն չթողնեն շնչի, նա չի կարողանա կերակրել քաղաքացուն, իսկ ես չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի»:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այնուամենայնիվ բարեփոխումների հույս ունի:

«Գուցե կադրային փոփոխությունները նպաստեն բարեփոխումներին, սակայն մենք նույնպես պատրաստվում ենք առաջարկների փաթեթ ներկայացնել վարչապետին,- «Մեդիալաբին» ասում է Հակոբյանը: – Քաջատեղյակ լինելով գյուղում առկա խնդիրներին` առաջարկելու ենք մի շարք արտոնություններ տրամադրել գյուղացուն` իրավիճակը շտկելու նպատակով»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am