Քաղաքական դաշտը որբ է

Վահրամ Թոքմաջյան

Ավստրալիայի նախկին վարչապետ Ջոն Ուինսթոն Հովարդը բազմաթիվ քաղաքական հաջողություններ գրանցած մարդ է: Այժմ վայելում է իր ծերությունը հեռավոր Սիդնեյում։ Մի առիթով Հովարդը նկատում է. «Քաղաքական գործիչը մարդ է, որը շփոթում է իր ձայնը ժողովրդի ձայնի հետ»։

Ընտրություններում պարտություններ կրած և հաղթանակած մարդը գիտի իր խոսքի արժեքը։ Գիտի նաև, թե ինչպես անել, որպեսզի սեփական մտածումը կարողանա ներկայացնել որպես ժողովրդի խոսք։

Այս աֆորիզմ դարձած ճշմարտությունը բնութագրում է հայկական միջավայրը։ Ավելի շուտ, այժմ տեղի ունեցող գործընթացների տիպիկ բնութագիրն է։

Տեղից դուրս եկողը, եթե կարողանում է հավաքել երեք մարդ, հայտարարություններ է անում ժողովրդի անունից։

Սա հավասարապես վերաբերում է թե՛ իշխանությանը, թե՛ փողոցում գտնվող ընդդիմությանը։ Բոլորը խոսում են ժողովրդի անունից, սակայն յուրաքանչյուրն իր համոզմունքների և փառասեր ցանկությունների համատեքստում։

Շարունակվող ցույցերը, անհնազանդության ակցիաները և իշխանության անզիջում կեցվածքը շատերի մոտ կարող են տպավորություն թողնել, որ Հայաստանում քաղաքական կյանքը եռում է։

Հանգուցալուծումը մոտ է, և ամեն ինչ հասել է կիզակետին։ Այդպես մտածողներն ունեն հիմքեր՝ ընդդիմադիրներին աջակցում են բուհական շրջանակներ, որոշ համայնքապետներ, մի քանի տասնյակ բուժաշխատողներ և նորին մեծություն եկեղեցին։

Իսկ ընդդիմությունն ունենալով ահռելի ռեսուրսներ, հատկապես մեդիառեսուրսներ, կարող է այս ամենին մեծ շուք հաղորդել՝ դնելով խոշոր գլխագրեր՝ «Բժիշկները պահանջում են վարչապետի հրաժարականը», «Ոստիկանները համատարած լքում են համակարգը» և այլն։

Իսկ քանի որ մենք գլխագիր սիրող ազգ ենք, նյութը չենք էլ բացի ու կմնանք դրա ազդեցության տակ։ Հակառակ կողմում իշխանությունն է, որը կրկնում է նույնը, մի քիչ այլ փաթեթավորմամբ՝ «Ժողովրդի մոտ հրաժարականի պահանջ չկա»։

Մի անգամ առիթ ունեցել եմ խոսելու «ժողովուրդ» եզրույթի հեղհեղուկ ու անդեմ լինելու մասին, ուստի կրկնելու կարիք չեմ տեսնում։ 

Եթե մի պահ կտրվենք աղմուկից կամ փակենք մեր ականջները, ապա ի՛նչ կտեսնենք։ Կտեսնենք, որ Հայաստանում քաղաքականություն չկա։

Լուծումներ առաջարկողներ չկան, միտք գեներացնող, գոնե աղմկող կողմերի մեջ, չկա։ Կա պարտված իշխանություն, որը չի կարողանում դուրս գալ տրավմատիկ շոկից, և պարզապես իշխանություն տենչացող ընդդիմություն, որը չի ասում, թե ինչն է փրկելու։ Տվեք մեզ՝ մի բան կանենք։

Սա է ողջ իրողությունը, որն ընկած է այս ամենի հիմքում։ Աղմուկի պատճառը ոչ միայն պատերազմում պարտությունն է, այլ նաև հեղափոխության ձախողումը կամ, եթե կուզեք՝ հենց հեղափոխության պարտությունը։

Այսօր աղմկող մարդկանցից ոմանք պետք է վանդակավոր արևի հետևում մեմուարներ գրեին՝ «Ինչպե՞ս կեղծել ընտրությունները», «Ինչպե՞ս թալանել սեփական ժողովրդին. 10 օգտակար խորհուրդ», «Ինչպե՞ս սպանել քաղաքական ընդդիմախոսներին և մնալ անպատիժ» ու այսպես շարունակ։

Բայց նրանք ոչ միայն այդ գործին չեն, այլ նաև փրկիչներ են երևակվում։ Սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմն են, որոնք տապալեցին հեղափոխությունը։

Բայց ասածս բնավ չի ենթադրում, որ իշխանության հրաժարականի պահանջի հիմքեր չկան։ Իհարկե կան բազմաթիվ հիմքեր, բայց և առանցքային է հարցը, թե ովքեր են հրաժարական պահանջողները։ Խոսքն այստեղ այն նույն «ժողովրդի» մասին չէ, այլ՝ հարթակում եղած գործիչների։

Այսպիսով, Հայաստանում կա քաղաքական մտքի խորքային ճգնաժամ ու չկան լուծումներ։ Հայաստանում քաղաքական դաշտը որբ է։

Ո՛չ գործող իշխանությունը, ո՛չ փողոցում եղած ընդդիմությունը լուծումներ չեն առաջարկում։ Չունեն հայեցակարգ, թե ինչպես երկիրը հանեն այս վիճակից։ Մնում է երրորդ ճանապարհը։

Երրորդ ճանապարհ ասելով նկատի չունեմ մարուքյանական հայտնի ձևակերպումը։ Նկատի ունեմ քաղաքականության մեջ նույնիսկ չեղած, իսկ լինելու պարագայում անգամ՝ չարատավորված անհատներին, խմբերին, որոնք ունեն միտք, խոսք, իրականության զգացում, բավարար հմտություններ։

Նրանց մի մասն այսօր ինքնակազմակերպվում է։ «Նախկիններ ու ներկաներ» մոլորեցնող փակ շղթան սպառելու է իրեն։ Հանրությանն անհրաժեշտ են նոր շունչ և ապրելու գրավական։

Ապրելու ոչ թե ճոռոմ ՀԱՆՈՒՆ-ի, այլ պարզապես Հայաստանում իր կյանքը պատկերացնելու։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am