ՀՀ ԱՆ-ն հաստատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը

Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ մասնակցելու շարժական լաբորատորիայի բացման արարողությանը:

Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Ռուսական պատվաստանյութով փորձնական պատվաստվել էր 15 հոգի:

Հունվարի սկզբին հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նույնպես պատվաստվողների թվում է եղել, տեղեկացրել էր, որ Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որև է բարդություն չի գրանցվել: