Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական ռադիոհաճախականությունները. Արցախի դատախազություն

Արցախի դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում է ստացել, որ ԱՀ տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:

Հիշյալ հաղորդման հիման վրա 01.04.2021 թ. հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից FM ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ FM տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը:

Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:

Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացումը` միաժամանակ գույքային վնաս հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:

Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին: