ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ օրերս տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղված նամակը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։
Նամակում մասնավորապես, փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ իսպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։
Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման սովորության ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի դիտավորյալ ավերման մասին։
Նամակում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։
Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։