Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Բերկրառատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան Հայրն օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Ցնծում են այսօր Հայոց Եկեղեցին և նրա ուխտապահ ժողովուրդը, քանզի նշում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը, որոնք Քրիստոսի սիրո վարդապետության սերմերը ցանեցին դրախտավայր Հայաստանում, քրիստոնեությունը դարձավ «մաշկի գույն», իսկ դարերի բովում հայը միշտ վերահաստատեց Ս. Պողոս առաքյալի խոսքերը.«Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը» (Հռոմ. Ը. 35):
Այս օրը մեզ համար վերանորոգության, վերաքրիստոնեացման և մշտապես ուղղափառ դավանանքի խոստովանության օրն է։ Ճիշտ է, ժամանակներն ու արժեքները փոխվել են, բայց անխախտ են մնացել Տիրոջից փոխանցված ճշմարիտ հավատքը, հավատարմությունն Աստծու և մեր նախնիների դավանած արժեքների հանդեպ։ Ուստի այսօր եկել ենք նաև սուրբ առաքյալների բարեխոսությունը հայցելու Տիրոջ մոտ, մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինքնաճանաչվելու և առավել զորանալու՝ ուխտելով, որ անաղարտ կպահենք ուղղադավանությունը, հավատարիմ կլինենք մեր հայրերի և վարդապետների թողած հարուստ ժառանգությանն ու բարոյական արժեքներին և երբեք չենք լքի այն հողը, որ ոռոգվել և պտղաբեր է դարձել մեր առաքյալների ու նախնիների թափած թանկագին արյամբ»։
Ներկայացնելով առաքյալների նահատակության պատմությունը՝ Հայր Զաքարիան հաստատեց, որ այն համակ սեր է Տիրոջ և հայ ազգի հանդեպ և նրանց ոտնակոխ վայրերը սրբատեղիներ են դարձել հայության համար՝ հավատքի մեջ հաստատվելու և անկորնչելի հույսով ապրելու համար։
Իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբն օրվա խորհրդի լույսի ներքո անդրադարձավ նաև հայրենիքի գաղափարին՝ մասնավորապես ընդգծելով. «Աստծուց մեզ տրված մեր հայրենիքը սրբազան և նվիրական է, քանզի այս հողի վրա են իրենց արյունը թափել Քրիստոսի առաքյալներն ու մեր քաջ նախնիները։ Այն այլևս հող չէ սովորական իմաստով, այլ Հայրենիք, որի առաջ ամենքս ունենք մեր պատասխանատվությունն ու պարտականությունները։ Հայրենի հողը գուրգուրանքի և սիրո կարիք ունի, բայց առավել ևս՝ այդ հողի վրա ապրելու և արարելու անհագ ցանկություն և կամք»:
Վերջում Հայր Զաքարիան հորդորեց հավատացյալներին հայցել Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի առաքելական հավատքը զորացնի ու պահպանի ամենքին, իսկ այսօր դուրս բերված Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել և պահպանել Հայոց աշխարհը:
Սուրբ Պատարագի ավարտին Մուշեղ Սրբազանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։