Երևանը պետք է դիտարկի Թուրքիայի հետ ուղիղ երկխոսելու հնարավորությունը, դրանից զատ, պետք է շոշափի Թուրքիայի զսպման այլընտրանքային մեխանիզմներ. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր շուրջ լրջագույն զարգացումներ են՝ Ղարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, ԱՄՆ-ում հայամետ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ հաջակցություն Արցախի նամակներ են հղում ԱՄՆ պաշտպանության նախարարին և պետքարտուղարին, պարզվում է Արցախի հարցը արդեն Թուրքիայի և ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում է։ Հայաստանից ձեն-ծպտուն չկա։

Ես սպասում էի, որ իշխանությունից ինչ որ մեկն այնուամենայնիվ կանդրադառնա նախօրեին Ռուսաստանի նախկին նախագահ, վարչապետ Մեդվեդևի արած այն հայտարարությանը, որ Արցախի հարցում Թուրքիան ունի դերակատարում, սերտ կապեր Ադրբեջանի հետ և դա հաշվի չառնել հնարավոր չէ և Ռուսաստանը գործում է ելնելով դրանից: Ռուսաստանն ու Թուրքիան պարբերաբար պայմանավորվում են, և դժբախտաբար դա տեղի է ունենում հայկական շահերի ու կյանքերի հաշվին:

Գաղտնիք չէ, որ Պուտինը և Մեդվեդևը թուրքիային համարում են կարևոր ու վստահելի գործընկեր: Նրանք գիտեն, անշուշտ, որ Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, սպանել օդաչուին, Թուրքիայում ազգայնականները ուղիղ եթերում սպանել են Ռուսաստանի դեսպանին, Թուրքիան սպառնացել է Ռուսաստանը քանդել ներսից։

Բայց այդ ամենով հանդերձ, Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով Էրդողանին համարում է խոսքի տեր տղամարդ, Թուրքիային համարում է վստահելի գործընկեր:Կասկած չկա, որ Պուտինն ու Մեդվեդևը դա անում են ոչ թե անսահման սիրուց դրդված, այլ որովհետև չեն կարող Թուրքիային պատասխանել այնպես, ինչպես հարկն է՝ թույլ են, չունեն բավարար ուժ:

Այդ ամենով հանդերձ, ի՞նչ է ասում Ռուսաստանը։ Մեզ ասում են՝ Թուրքիան թշնամի է, վատն է, չփորձեք պայմանավորվել, չփորձեք խոսել կամ հարաբերություն կարգավորել։ Բայց ով է կասկածում, որ Թուրքիան թշնամի է, որ Թուրքիան ունի մեզ խժռելու նպատակ: Ամբողջ հարցն այն է, որ մեր անվտանգային կարողությունը չի բավականացնում այդ սպառնալիքը սեփական ուժով չեզոքացնելու համար:

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ինչպես ցույց տվեց Արցախի դեմ պատերազմը, այդ կարողությունը չունի նաև մեր դաշնակից Ռուսաստանը՝ նրա անկարող աչքի առաջ Թուրքիան, Ադրբեջանը և վարձկան ահաբեկիչները գրոհեցին մեր անվտանգության ողնաշարի վրա։ Ինչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը։

Երևանը պետք է դիտարկի Թուրքիայի հետ ուղիղ երկխոսելու հնարավորությունը, դրանից զատ, պետք է շոշափի Թուրքիայի զսպման այլընտրանքային մեխանիզմներ, այդ հարցում նոր գործընկեր և դաշնակից ձեռք բերելու հնարավորությունները, այդ թվում մահմեդական, արաբական աշխարհից։

Հայաստանին պարտության մատնած արտաքին քաղաքականությունը պետք է որակապես փոփոխության ենթարկել։ Իներցիայով շարունակվող արտաքին քաղաքականությունը մեզ մատնել է աղետալի պարտության։ Այսպես շարունակելու դեպքում, իշխանության վախերի պատճառով մենք ի վիճակի չենք լինելու համայն հայության հայրենիք այս մի թիզ հողը արժանապատվորեն պաշտպանել»։