Բայրամովը ՀՀ-ին առաջարկել է սահմանի դելիմիտացիայի երկկողմ քննարկումներ սկսել և կրկին խոսել «Զանգեզուրի միջանցքից». Factor.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Նախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել՝ կապված Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ, գրում է Factor.am-ը։

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, նա նշել է, որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», իսկ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե «պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների փոխադարձ ճանաչման ու հարգման հիման վրա»։

«Մենք Հայաստանին առաջարկում ենք սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ երկկողմ քննարկումներ։ Ադրբեջանը Հայաստանից դրական արձագանքի է սպասում։ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները և տրամադրի ականապատ տարածքների քարտեզները՝ մարդկային մեծ տառապանքներից խուսափելու համար»,- ասել է Բայրամովը։ Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, փոխարենը հստակ կետ կա գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց վերադարձի մասին, որը Ադրբեջանը չի կատարում։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է որևէ միջազգային փաստաթղթում չամրագրված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «2020թ․ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը լրացվեց 2021թ․ հունվարի 11-ի Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացում։

Այդ միջոցառումների իրականացումն էապես կփոխի Հարավային Կովկասի լանդշաֆտը։ «Զանգեզուրի միջանցքը», որը նոր կապող օղակ է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, կծառայի առկա առևտրային և տրանսպորտային կապերի զարգացմանը, ինչպես նաև գրեթե 30 տարի անց կմիավորի Նախիջևանի մեկուսացած էքսկլավը Ադրբեջանի հետ»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։