Հասարակական մեծ հնչեղություն ստացած Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարությունը թեև շարունակվում է, սակայն փաստաբան Գոռ Մարգարյանի խոսքով` պաշտպանության կողմն ամեն ինչ անում է, որ գործընթացը ձգձգի:
«Դատական գործընթացն անցավ ձևական դատավարական ձգձգումների ֆոնի վրա, որը պաշտպանության կողմը կիրառում է ընդամենը ժամանակ ձգելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի փաստաբան Գոռ Մարգարյանը:
Մարտի 16-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը:
Երկկողմանի ծնողազուրկ Զարուհի Պետրոսյանը, որը երկու տարեկան երեխայի մայր էր, մահացավ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին` ենթարկվելով դաժան ծեծի ամուսնու և սկեսրոջ կողմից, ինչի մասին չվախեցավ բարձրաձայնել նրա քույրը`Հայաստան (Հասմիկ) Պետրոսյանը:
Երեկ դատի ընթացքում պաշտպանության կողմի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանը նիստի սկզբին միջնորդություն էր ներկայացրել դռնփակ դատաքննություն անցկացնելու վերաբերյալ` անակնկալի գալով դատարանում ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությունից: Սակայն դատարանը միջնորդությունը մերժել է:
Դրանից հետո ամբաստանյալը հայտարարել է, որ հրաժարվում է պաշտպանության իր իրավունքից և որդեգրում է պասիվ դիրքորոշում: Այդ պահից սկսած Յանիս Սարկիսովը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Զարուհի Պետրոսյանի փաստաբան Գոռ Մարգարյանի կարծիքով` նման գործողություններով պաշտպանության կողմն ուզում է պարզապես ժամանակ ձգել:
«Ժամանակ ձգելը նպատակ ունի բոլորիս նյարդերի վրա ազդել: Անել այնպես, որ մարդիկ, ովքեր իրականացնում են պրոցեսը, թույլ տան սխալներ ու խախտումներ, ու իրենք օգտվեն այդ սխալներից ու խախտումներից»,- «Մեդիալաբին» ասում է Գոռ Մարգարյանը:
Մարտի 16-ին հարցաքննվել են գործով անցնող հիմնական վկաները:
Հրապարակվել է ամբաստանյալ Յանիս Սարկիսովի ցուցմունքը, որից հետո հարցաքննվել են տուժողի իրավահաջորդ Հայաստան Պետրոսյանը, Զարուհի Պետրոսյանի ընկերուհին՝ Ասյա Զաքարյանը և հարևանուհին՝ Հայկուշ Ապոյանը:
Յանիս Սարկիսովի մայրը՝ Լիլյա Սարկիսովան, չի հարցաքննվել, քանի որ հրաժարվել է իր ցուցմունքներից և դատակոչի ենթակա անձանց ցուցակում չի եղել:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանի քրոջ` Հայաստանի խոսքով` Լիլյա Սարկիսովան նույնպես պարբերաբար ծեծի և բռնությունների է ենթարկել հարսին:
Դեռևս անհայտ է մնում Զարուհի Պետրոսյանի երկու տարեկան դստեր` Լիլյայի ճակատագիրը: Զարուհու սկեսուր Լիլյա Սարկիսովան պայքարում էր, որ երեխային նրա խնամակալության տակ թողնեին: Նա անգամ սպառնում էր, որ իր ձեռքի երակները կկտրի: Չնայած դրան երեխային հանձնել են մանկատուն:
Զարուհի Պետրոսյանի քրոջ` Հայաստանի խոսքով` երեխայի հետ «կարծես թե ամեն ինչ կարգին է»:
«Երեխան այժմ գտնվում է Նոր Նորքի մանկատանը: Նորմալ վիճակում է, ես անընդհատ գնում եմ նրան այցելության»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանը:
Նրա խոսքով` Լիլյա Սարկիսովայի բողոքներից և սպառնալիքներից նա վաղուց ոչինչ չի լսել:
«Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում: Ինձ միայն երեխան է հետաքրքրում: Նա ինձ չի հետաքրքրում»,- «Մեդիալաբին» ասում է Հասմիկը:
Զարուհի Պետրոսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 28-ին, ժամը 12:00-ին:
Դեպքը, որը հասարակական մեծ հնչեղություն ստացավ ոչ միայն Հայաստանում այլ երկրի սահմաններից այն կողմ, մնում է ուշադրության կենտրոնում:
Զարուհու ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպությունները ձեւավորեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն ու քրեական գործի ընթացքին հետամուտ լինելն է:
Կոալիցիայի քարտուղար, PINK Armenia ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն ասում է, որ իրենց հիմնական նպատակներից մեկը կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարն է:
«Այս դեպքի հանրայնացումը, լուսաբանումը, ակցիաները և դատարանի վերջնական վճիռը, որը հուսով եմ արդար կլինի, եւս կնպաստեն նոր դեպքերի նվազեցմանն ու հասարակության իրազեկվածության բարձրացմանը,- «Մեդիալաբին» ասում է Հովսեփյանը: -Բռնարար անձիք ի վերջո կգիտակցեն, որ իրենց նմանները դատապարտվում են, եւ հասարակությունը աչք չի փակելու նման հանցանքների վրա»:
Լիաննա Խաչատրյան
Լուսանկարները` Իննա Մխիթարյանի
© Medialab.am