Միջազգային ավիաուղիների կողմից չվերթները դեպի Հայաստան դադարեցնելը ունի քաղաքական և տնտեսական դրդապատճառներ

Միջազգային ավիաուղիների կողմից չվերթները դեպի Հայաստան դադարեցնելը ունի քաղաքական և տնտեսական դրդապատճառներ
Միջազգային ավիաուղիների կողմից չվերթները դեպի Հայաստան դադարեցնելը ունի քաղաքական և տնտեսական դրդապատճառներ

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս խնդրին անդրադարձան ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը և քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Վերջին շրջանում մի շարք ավիաուղիներ` «Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ», հայտարարեցին դեպի Հայաստան իրենց չվերթները դադարեցնելու մասին:

Շահեն Պետրոսյանի կարծիքով խնդիրը նրանում է, որ  Հայաստանի ամբողջ ավիացիոն շուկան տրվել է Ռուսաստանին:

«Բաց երկնքի քաղաքականությունը, որն արդեն երկու տարի է, ինչ հայտարարվել է, բլեֆ է: Մեր օդային տարածքը միշտ բաց է եղել բոլոր ավիաընկերությունների համար: Երբ սկսվեց հայկական ավիաուղիների՝ «Արմավիայի» սնանկացման գործընթացը, դրանից հետո նոր ավիաընկերություն ստեղծվեց՝ «էյր Արմենիան» ու որոշվեց, որ երկինքը պետք է ազատականացնել՝ հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը: Եվ «էյր Արմենիան» անմիջապես սնանկացավ, քանի որ չդիմացավ այդ դեմպինգային քաղաքականությանը, որ տանում էին ռուսական ընկերությունները, ու  հիմա «Էյր Արմենիան» մեծ պարտքերի տակ է»,-ասում է Պետրոսյանը:

Նա նշում է, որ բաց երկնքի քաղաքականությանը անցելու համար երկար տարիներ է անհրաժշետ, որպեսզի  շուկան ազատականացվի:

«Այս ոլորտը օտարներին տրամադրելով անվտանգության խնդիր ենք ունենում: Եթե հանկարծ մենք էլ ընկնենք պատժամիջոցների տակ, ինչպես Ռուսաստանը, մենք այլևս չենք կարող թռչել, մեր սեփական ավիացիան չունենք»,-հավելում է Պետրոսյանը:

Արմեն Գրիգորյանը ասում է, որ խնդիրը շարունակում է մնալ քաղաքական  դաշտում:

«Բաց երկնքի քաղաքականությամբ փորձում էինք ոլորտը բարելավել, բայց արդյունքը բացասական ստացվեց: Բարելավում կարող էր լինել, եթե իջեցնեն հարկերը, Հայաստանը շարունակում է ունենալ ամենաբարձր հարկերից մեկը: Պետության կողմից սահմանված հարկերը ամենաբարձրն են Արևելյան Եվրոպայի երկրների հետ համեմատ»,-նշեց Գրիգորյանը:

Նա ներկայացրեց 2011-ին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, ըստ որի օդանավակայանի կողմից սահմանված հարկերը ուղևորների համար միջին չափի են, մինչդեռ պետության կողմից ուղևորների համար սահմանված հարկերը ամենաբարձրերի շարքում են:

«Օրինակ` երբ օդանավը իջնում է Զվարթնոց օդանավակայան, 2 ժամ կայանելու համար վճարում է 28 հազար 490 եվրո: Համեմատության համար նշեմ, որ Ռիգայում մոտ 15 960 եվրո է կայանման գումարը: Գնային տարբերությունը շատ մեծ է և դա էլ հիմնական պատճառն է, որ տոմսերը շատ թանկ են: Օրինակ՝ 10 հազար դրամ օդի հարկը Գյումրու օդանավակայանում հանել են, բայց այնտեղից ընդամենը թռիչքների 5 տոկոսն է, 95 տոկոսը կատարվում է Զվարթնոցից: Եթե իրականում ցակություն կա ոլորտը բարելավելու, ազատականացնելու, ապա նույն 10 հազար դրամի հարկը  կարող էին հանել»,-նշում է Գրիգորյանը:

Նա համեմատում է իրավիճակը Վրաստանի հետ և նշում, որ 2005-ից, երբ Վրաստանում հայտարարվեց «բաց երկնքի» քաղաքականություն, իրենց մոտ ուղևորների թիվը կրկնապատկվեց:

«Բացի այդ Վրաստանում այդ  էժան ավիաընկերությունների (low cost) մուտքը շատ մեծ փոփոխություններ բերեց և Վրաստանում հիմա շատացել են եվրոպացի տուրիստները: Եթե մենք կարողանանք այս ոլորտը բարելավել, հարկերը հանելով ու տոմսերի գները էժանացնելով  հնարավորություն տանք էժան ավիաընկերությունները մտնեն շուկա, ապա տուրիստների ու տուրիզմի զարգացման միջոցով կստանանք այդ եկամուտները»,-հավելեց Գրիգորյանը:

Անդրադառնալով ազգային ավիաուղիներ ստեղծելու խնդրին՝ բանախոսները նշեցին, որ սա քաղաքական կամքի հարց է:

«Մենք 90- ականներին շատ ավելի ծանր վիճակում էինք. պատերազմ, շրջափակում, բայց ստեղծեցինք մեր 3 ավիաուղիները և երեքն էլ աշխատում էին: Հիմա շատ ավելի բարենպաստ պայմաններում ենք, ու դա դժվար չէ նորից ստեղծելը, պարզապես քաղաքական կամքի հարց է»,-նշեց Պետրոսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր