«44-օրյա պատերազմի ընթացքում մենք ևս արձանագրել ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը բավականին պասաիվ էր պատերազմում տուժած երեխաների վերաբերյալ արձագանքներում»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է․

«Երեկ հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լքել է Հայաստանը, քանի որ ի հայտ են եկել նրա մանդատի իրացման գործում թերացումներ:

Այսօր արդեն լրագրողները զանգահարում էին ու հարցնում, թե ինչ թերացումներ կարող են լինել, կամ ինչպես պետք է երկրի իրավապահ համակարգը հնարավոր թերացումների, նույնիսկ լրտեսության պարագայում արձագանքի։

Քանի որ կոնկրետ փաստական հանգամանքներին լավատեղյակա չեմ, չէի շտապի կարծիք հայտնել տվյալ պաշտոնյայի գործունեության վերաբերյալ։ Սակայն դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ևս արձանագրել ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը բավականին պասաիվ էր պատերազմում տուժած երեխաների վերաբերյալ արձագանքներում։

Թեև բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ՝ այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում և զինված բախումներում կանանց և երեխաների պաշտպանության մասին» հռչակագիրը, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ զինված հակամարտություններում երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության օրինակներ են, սակայն մենք ականատեսը դարձանք, թե ինչպես են պատերազմի ընթացքում օրենքները անտեսելով երեխաներին ռմբակոծում իրենց տներում ու դպրոցներում։ Հաճախ նշվում էր, որ Արցախը չճանաչված պետություն է և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը չունի մանդատ այդտեղ աշխատելու, սակայն այն միջազգային իրավունքի սուբյեկտ է, որտեղ ևս երեխաներն ունեն ապրելու, կրթություն ստանալու, ապահով լինելու իրավունք։

Մենք դեռ հենց այդ դժոխային օրերին դիմել էինք կոչով ՅՈՒՆԻՍԵՖ-ին, նշելով, որ Արցախում ապրող երեխաների, կանանց և ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը դեռեւս անմիջական, իրական սպառնալիքի տակ են, բայց միջազգային ժողովրդավարական հանրությունն ու հատկապես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լռում կամ չեզոք են անարդարությունների նկատմամբ: Իսկ այդ լռությունը կործանարար է:

Իրավապաշտպան մանդատ ստանալը նաև այդ մանդատին անմնացորդ ծառայել է նշանակում, անկախ քաղաքական, կուսակցական կամ խմբային շահերից ու նպատակահարմարություններից»