«100 դրամով անհնար է քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ». Տարոն Մարգարյանը խոսեց

«100 դրամով անհնար է քաղաքակիրթ տրանսպորտային  համակարգ ունենալ». Տարոն Մարգարյանը խոսեց
«100 դրամով անհնար է քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ». Տարոն Մարգարյանը խոսեց

Օրեր շարունակ Երեւանի փողոցներում տիրող բուռն կրքերից եւ բողոքի ակցիաներից հետո, այսօր վերջապես խոսել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` անդրադառնալով մայրաքաղաքում տրանսպորտի գների բարձրացմանը: 

Հանդիպելով Երեւանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամների հետ, ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, Մարգարյանը ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման  հետ կապված իր մոտեցումները նշել է, որ «քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը»:

Ըստ հաղորդագրության, անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում.

«Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում:  Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում:  Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը:

Խմբակցությունների անդամները ևս իրենց հերթին կարևորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը:

Քաղաքապետը հատկանշել է նաև, որ,  հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար.

«Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այս կերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,- ըստ հաղորդագրության, նշել է Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երեւանում տրանսպորտի ուղավարձը բարձրացել է առնվազն 50 տոկոսով, ինչը բողոքի ալիք է բարձրացրել: Օրեր շարունակ Երեւանի փողոցներում քաղաքացիական ակտիվիստները, քաղաքացիները, բողոքի ակցիաներ են անում, հորդորում մարդկանց վճարել ոչ թե 150 այլեւ 100 դրամ: Օրեցօր ավելի ու ավելի հայտնի մարդիկ եւ սրտացավ քաղաքացիներ են միանում սկիզբ առած շարժմանը` Free car, սեփական մեքենաներով անվճար մարդկանց տեղափոխելով քաղաքի տարբեր ուղղություններով:

© Medialab.am