«Այդ «վեց առաջարկներում» արդեն իսկ հանված էր մեզ համար կարևորագույն դրույթը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը. պետության շահը չտեսա այդտեղ». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական տեղեկատվական տիրույթում անդրադարձ կա Հայաստանի ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ «Այդ մարդիկ Հայաստանում չպետք է գան իշխանության. Բաքուն նրանց հետ չի բանակցի» վերտառությամբ նյութ է շրջանառվում ադրբեջանական մամուլում: Ինչպե՞ս եք գնահատում սա, և ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը նմանատիպ անդրադարձներով:

– Խնդիրը միայն կոնկրետ դեպքը չէ: Ձեր նշածը վերլուծական համայնքի կողմից ներկայացված հայտարարություն է, որն ունի քարոզչական նպատակ: Մի քանի հակահայկական կայքերում ևս, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, ևս տարածում են տեսանյութեր, որ եթե գան նախկին վարչակարգի ներկայացուցիչները, Հայաստանը կկորցնի պետականությունը:

Բայց, ինչպես ասացի, խնդիրն այն է, որ, օրինակ՝ Ալիևի մակարդակով ասվում է, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, Հայաստանի բնակչությունը չպետք է հասնի 5 միլիոնի, դրանից հետո իրենց արտգործնախարարն իրեն իրավունք է վերապահում որակումներ տալ մեր երկրում ընթացող զարգացումներին:

Ես բնական կհամարեի, որ արտաքին գործերի նախարարության մակարդակով կամ այլ ձևով արձագանք լիներ այն առումով, որ, կներեք, մենք ժողովրդավար երկիր ենք, մենք ենք որոշում մեր երկրի անելիքները, ու Ադրբեջանը՝ որպես բռնատիրական պետություն, որևէ իրավունք չունի որակումներ տալու մեր երկրում ընթացող զարգացումներին: Այսինքն՝ խնդիրն այդ միջամտության փաստն է ինքնին, որը պետք է բացառվի, քանի որ Ադրբեջանը, առնվազն իր որդեգրած համակարգով, այն պետությունը չէ, որ պետք է որակումներ տա Հայաստանում ընթացող զարգացումներին:

Ցավոք, մեր հանրությունն այնքան քաղաքականացված է, որ երբ նման արձանագրումներ ենք անում, մարդկանց թվում է, թե այս կամ այն ուժի օգտին ենք անում կամ ծառայում ենք նրանց, բայց բազմիցս եմ ասել, որ ես ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանությունների աջակիցը չեմ:

Ինձ համար ուղղակի մտահոգիչ է, որ Ադրբեջանը միջամտում է մեր պետության ներքին գործերին, փորձում օրակարգեր թելադրել: Երկար տարիներ հետևելով Ադրբեջանին՝ նման բան չեմ հիշում, որ այդպիսի ուղղակի քաղաքականություն իրականացվի, կամ փորձեն աջակցություն հայտնել այս կամ այն գործընթացին: Այս ամենի հետ կապված պետք է հայկական կողմից լինի պաշտոնական հստակ արձագանք:

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա ակտիվացել ու, ինչպես դուք եք ասում, փորձում է ուղղակի միջամտել Հայաստանի ներքին գործերին:

– Որովհետև մնում են անպատիժ ու անարձագանք, այսինքն՝ եթե լիներ հստակ արձագանք Ալիևի այդ ելույթի վերաբերյալ, որում անդրադարձ էր կատարել մեր բանակին ու բնակչության թվին, ապա, կարծում եմ, իրենք ավելի զգուշավոր կլինեին, բայց քանի որ այդ ամենն անարձագանք է մնում՝ փորձում են օգտվել իրավիճակից:

Մի կողմից պարզ է, որ իրենց հարմար է Փաշինյանի ղեկավարության շարունակությունը այն տեսանկյունից, որ Փաշինյանն ըստ էության ընդունում է իրենց պայմանները և, մեծ հաշվով, իջեցրել է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, այսինքն՝ շարժվում է այն ուղղությամբ, ինչն իրենց հարմար է:

Մյուս կողմից էլ՝ իրենց նաև ձեռնտու է Հայաստանի տուրբուլենտությունը, այսինքն՝ այս շարունակական պայքարը, որի վրա փորձում են ազդել այդ քարոզչադաշտով: Դրա համար ես պատշաճ կհամարեի, որ լիներ որոշակի մակարդակով արձագանք, կամ առնվազն լիներ հակաքարոզչությանն ուղղված ինչ-որ գործողություն, բայց երկուսն էլ չկան:

Ինչո՞վ եք բացատրում այդ բացակայությունը, տիկի՛ն Հայրապետյան:

– Ազնվորեն՝ ես բացատրություն չունեմ, դա նույնն է, որ հարցնեք, թե ինչո՛ւ է Փաշինյանը որոշել Արցախի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, ինչո՛ւ է Փաշինյանը խոսել, «թե մենք ադրբեջանական տարածքներ ենք վերահսկում», այսինքն՝ այնքան բաներ կան, որոնց տրամաբանական բացատրությունը ես չունեմ:

Ի սկզբանե ունեցել եմ մտավախություն, որ կարող ենք հանգել նման իրավիճակի, ու հենց դրա համար էլ ժամանակին՝ դեռ իշխող թիմում լինելուս ժամանակ, Փաշինյանին ազնվորեն ասել եմ, որ համարում եմ, որ ինքն ու իր քաղաքական թիմն այլևս իրավունք չունեն ղեկավարելու երկիրը, որովհետև պարտության են տարել՝ մի կողմ թողած բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները:

Քանի որ Ադրբեջանի պաշտոնական արձագանքը Հայաստանի կողմից առաջարկված վեց կետի վերաբերյալ հայտնի է, որոնք, ըստ Բայրամովի, ամենևին էլ առաջարկներ չէին, կխնդրեմ ասեք՝ ի՞նչ ակնկալիքներ ու տրամադրություններ կան Բաքվում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված:

– Իրենք իրենց ակնկալիքները օրեր առաջ նշեցին փոխարտգործնախարարի մակարդակով, նաև՝ նոր տարածքների նկրտումներով բաց տեքստով խոսեցին, բայց ինձ համար ցավալի է, որ հայկական կողմն է, կոպիտ ասած, Ադրբեջանի «բերանը լեզու դնում» այն հայտարարություններով, որոնք չի հաշվարկում: Շատ խնդրահարույց է, որ հայկական կողմը գնում է այս գործընթացին՝ կրկին ոտնահարելով իր նախկին հայտարարությունները:

Տիկի՛ն Հայրապետյան, ստացվում է, որ Ադրբեջանը բոլոր հարցերի վերաբերյալ ընթացող բանակցությունների հիմքում հիմնականում տեսնում է իր կողմից արված առաջարկություննե՞րը:

– Միանշանակ այո՛, որովհետև ադրբեջանական կողմը նույնիսկ մեկ նորմալ արձագանքի չի հանդիպում, այդ «վեց առաջարկներում» արդեն իսկ հանված էր մեզ համար կարևորագույն դրույթը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, թե իբր միջազգային հանրությունն է դրդել մեզ, միջազգային հանրությունն այսօր չկա էլ, ինքնին պառակտված է, երկրորդն էլ՝ պետք է առաջնորդվենք մեր պետության շահով, ոչ թե ուրիշների ասածներով, որոնք բխում են հենց իրենց շահերից:

Այսինքն՝ Հայաստանի կողմից ներկայացված այդ կետերը դո՞ւք էլ բավարար չեք գնահատում:

– Բնականաբար ոչ, այնտեղ ոչինչ չկար, ոչ մի բովանդակային կարևորագույն էլեմենտ, որում արտացոլված կլիներ մեր պետության շահը, ես չտեսա: Մի կողմ դնելով բոլոր մնացած հարցերը՝ կրկնում եմ, ինձ համար խնդրահարույց էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի դրույթի հանումը, որովհետև Մինսկի խումբը, եթե ունի մեզ համար ամրագրված շատ կարևոր դրույթ՝ այդ է, ու դա ինքնակամ հանել բանակցությունների սեղանից… Չեմ հասկանում, էլ ինչի՞ շուրջ են բանակցում, այդ դեպքում այդ պայմանագիրը կապիտուլյացիա է:

Տիկի՛ն Հայրապետյան, իսկ Ադրբեջանը սահմանային նոր լարվածությունների կամ պատերազմական գործողությունների գնալու մտադրություն ունի՞:

– Անկեղծորեն կասեմ, որ հետևելով իրենց քաղաքականությանը, իրենք ակնհայտորեն պատրաստվում են հնարավոր էսկալացիաների, բայց նաև՝ ավելի լայնամասշտաբ հնարավոր գործողությունների: Չեմ ասում, թե դա տեղի կունենա մի շաբաթից կամ մեկ ամսից, բայց երկարաժամկետ կտրվածքով, նկատի ունեմ մի քանի տարիների ընթացքում, ինչպես եղել է 94 թվականի մայիսից հետո, երբ իրենք պատրաստվել էին 20 թվականի սեպտեմբերին, այնպես էլ հիմա, իրենք բանակի հզորացման ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար հսկայական ծրագրեր են իրականացնում:

Այսինքն՝ երբ Ադրբեջանը խոսում է խաղաղությունից, դա բնավ չի նշանակում, թե իրենք չեն պատրաստվում պատերազմի, իրական խաղաղության մասին չկա խոսակցություն, կա գործընթաց, որի նպատակը մեզ բարդ իրավիճակում դնելն է, ու կա, իհարկե, առկա ռազմական սցենար, իսկ էսկալացիաներն ավելի քան ակնկալելի են: Իրականացնում են բազմաթիվ զորավարժոթյուններ տարբեր ուղղություններով ու նպատակներով, ինչը պատահական չէ, իսկ այդ ամենն արվում է, բնականաբար, Թուրքիայի հետ համագործակցելով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am