«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյան
– Տիկի՛ն Ադամյան, Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծի անկումից հետո դուք և ձեր գործընկերները պահանջեցիք անկախ փորձաքննություն՝ պնդելով, որ կենդանու տեղափոխումը պատշաճ չի իրականացվել։ Դիմել էիք նաև մի շարք միջազգային կազմակերպությունների։ Մեկ ամսից ավելի է անցել․ ի՞նչ արդյունքներ ունեք։
– Ցավոք, մենք դեռ որևէ պատասխան չենք ստացել, և տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ կենդանիներին վերաբերող հարցերը միջազգային կառույցների կողմից դիտարկվում են նաև քաղաքական համատեքստում։ Եթե խնդիրը ուրիշ մարդու պատկանող կենդանուն առնչվեր, կարծում եմ՝ անմիջապես կարձագանքեին: Ես 20-30 կենդանապաշտպան կազմակերպությունների եմ նամակներ ուղարկել, բայց նրանք բոլորն իմ նամակներն անպատասխան են թողել:
Մեզ համար երբեք նշանակություն չի ունեցել, թե կենդանին ում է պատկանում կամ տվյալ պահին ինչ իրադարձություններ են ծավալվում։ Եթե խնդիր ենք նկատել, ահազանգել ենք և դիմել թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցներին։
Սա մեզ համար նախադեպային իրավիճակ է։ Մենք առաջին անգամ չէ, որ նման հարցերով զբաղվում ենք, և միջազգային կազմակերպությունները մեզ ճանաչում են, սակայն նախկինում նման լռության չենք հանդիպել։
Անցել է մեկ ամսից ավելի, բայց քար լռություն է։ Մեր ընկերներից մեկն ասաց, որ դեպքի մասին արտասահմանյան մի առցանց պարբերականում նյութ է հրապարակվել, սակայն ես այդպես էլ չկարողացա գտնել այն։
Դեպքի մասին տեղեկացրել եմ նաև «The Guardian»-ի մի լրագրողի, որի հետ կապի մեջ եմ, սակայն նրանից ևս առայժմ արձագանք չեմ ստացել։
Սա մեզ համար նախադեպային իրավիճակ է։ Մենք առաջին անգամ չէ, որ նման հարցերով զբաղվում ենք, և միջազգային կազմակերպությունները մեզ ճանաչում են, սակայն նախկինում մեր դիմումները նման կերպ անարձագանք չեն մնացել։
– Այս նախադեպն ինչո՞վ եք պայմանավորում, ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Հայաստանում կան կենդանիների պաշտպանությամբ և բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, որոնք սերտորեն համագործակցում են միջազգային կենդանապաշտպան կառույցների հետ։ Նրանց անուններն այս պահին չեմ ցանկանում նշել։ Այդ կազմակերպություններն այստեղ հայտարարություն տարածեցին, թե որևէ արտառոց բան չի եղել, կենդանին հիվանդ է եղել և դրա հետևանքով է անկել։
Հիմքեր ունեմ ենթադրելու, որ միջազգային կառույցները կապ են հաստատել այդ կազմակերպությունների հետ և նրանցից ստացել են տեղեկություն, թե ամեն ինչ կարգին է։ Հնարավոր է՝ հենց դրանով էլ պայմանավորված լինի արձագանքի բացակայությունը։
Միջազգային կազմակերպություններից ընդամենը երկուսն են շնորհակալություն հայտնել դիմելու համար, սակայն դրանով էլ սահմանափակվել են։ Գոնե գրեին, որ պատրաստ են աջակցել անկախ փորձաքննության անցկացմանը, բայց՝ ոչ։
Սա իսկապես նախադեպ է, դրա համար էլ կարծում եմ, որ Հայաստանում գործող կառույցները փորձել են հանգստացնել միջազգային գործընկերներին:
– Տիկի՛ն Ադամյան, ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը, պետական կառույցնե՞ր են։
– Պետական կառույցներ չեն, միջազգային ՀԿ-ներ են։ Հնարավոր է՝ իշխանության հորդորով կամ միջամտությամբ այդ կազմակերպությունները միջազգային գործընկերներին հավաստիացրել են, որ կենդանին հիվանդ է եղել և դրա հետևանքով է անկել։
Չեմ բացառում, որ միջազգային կառույցները դիմած լինեն նաև Կենդանաբանական այգուն, քանի որ նախկինում նման դեպք եղել է, և այգուց ևս կարծիք են հարցրել։
Իմ գնահատմամբ՝ ստեղծված քաղաքական իրավիճակում եվրոպական կառույցները հաճախ փորձում են չսրել Հայաստանում առկա խնդիրները՝ լինեն դրանք քաղաքական, թե բնապահպանական։ Կարծում եմ՝ այս դեպքի նկատմամբ լռությունն էլ այդ մոտեցման հետևանքներից է։
Կրկնում եմ, որ մենք զարմացած ենք, լավ, է՞ս աստիճանի կարող է ամեն բան լինել, կենդանիների հետ կապված հարցե՞րն էլ կարող են այսպես լինել:
– Իսկ չե՞ք դիմել կամ չե՞ք պատրաստվում դիմել այդ միջազգային կառույցներին՝ թե ինչո՞ւ չեն արձագանքել:
– Անկեղծ ասած՝ դեռ վերջնական որոշում չունենք։ Պետք է խորհրդակցենք գործընկերների հետ, բայց քայլեր անպայման ձեռնարկելու ենք, որովհետև հարցը չի կարող այսպես մնալ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















