«Հետընտրական. Մի՞թե սա է այլընտրանքը». Լիլիթ Գալստյան

«Հետընտրական. Մի՞թե սա է այլընտրանքը». Լիլիթ Գալստյան
«Հետընտրական. Մի՞թե սա է այլընտրանքը». Լիլիթ Գալստյան
Հեղինակ MediaLab

ՀՅԴ անդամ, հրապարակախոս եւ ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում` կիսելով իր հույզերը վերջին ներքաղաքական զարգացումների եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Վերջին տասը ամսում երեք կարևորագույն ընտրությունների անցկացումը՝ խորհրդարանական, նախագահական, Երևանի ավագանու, իրապես շատ էր։ Հաշվի առնելով մեր խիստ «քաղաքականացված» հասարակությունն ու իշխանափոխությունների մասին կեղծ կամ չստացված մեկնարկները, մշտական խոստումներն ու վերջինիս հեռանկարի անհուսությունն ու անհող սպասումները, կարելի է հասկանալ, թե ինչու այդքան դժգույն, կանխատեսելի և գրեթե «անհավես» անցան ընտրությունները։ 

Այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեց ընտրողների կեսից մի փոքր ավելին, արդեն խոսուն է ու, միևնույն ժամանակ՝ բացատրելի։ 

Ու, որքան էլ ընտրությունները դժգույն էին քաղաքական դեմքերի ու «անհավես» know-how-ների, քաղաքական show-ի առումով, սա չի նշանակում, թե մեր իրականությանը բնորոշ ընտրակեղծիքների ողջ գունապնակը գործի չդրվեց։

Քաղաքական մեծամասնության կողմից իշխանապահությանն ուղղված զինանոցը մարտական համար առաջին զորաշարժի էր կոչված. քրեական ու թաղային հեղինակություններ, գազելներում ու բազմաբնակարան շենքերի առնետաբույր միջանցքներում ցանկեր կազմող ու հաշվառող, հաստամամին ու անպայման ժանգոտ, գզգզված մազերով կանայք, նարդու խաղը ժամանակավորապես դադարեցրած ու անվերապահորեն «թասիբից» խոսող տղամարդիկ (որոնց կանայք հիմնականում Թուրքիայում են վաստակում կամ էլ զառամյալ թոշակառուներ խնամում Ամերիկայում), ինչ-որ տզրուկ օլիգարխի բարևից երջանկացած, սերիալներով սնված ու ընտրակարուսելի մասնագետ, անբովանդակ ու չրթող լակոտներ և, իհարկե՝ անմեղսունակ հայացքով «մտավորականների» մի կաստա, որը բոլոր ժամանակներում և անխոսափելիորեն իշխանության կողքին է՝ շատ պարզ փիլիսոփայությամբ. «ընտանիք եմ պահում, կերակրատաշտն ինչպե՞ս կորցնեմ»: 

Այս մասին շատ է խոսվել, նույնիսկ արժեզրկվելու չափ շատ, մանավանդ որ՝ ո՜չ կարողանում ենք կանխել, ո՜չ ապացուցել և ոչ էլ, ըստ էության, պայքարել դրա դեմ։

Ու, երբ ասում եմ՝ պայքարել, միայն ընդդիմությանը նկատի չունեմ (ինչն ինքնին տրամաբանական է), այլև հասարակությանը, որն օվկիանոսի բնական ու առողջ ընդվզումով պիտի ինքնամաքրվեր, ազատվեր այդ քաղաքակրթական աղբից։

Բայց՝ ոչ, և ցավալին ու վտանգավորն էլ հենց այն է, որ այս ամբողջ շղթան այլևս դարձել է նորմ, չափանշ ու լեգիտիմացվել որպես քաղաքական ու հասարակական արժեք։ ԱՆառարկելի է, որ այս «արժեքների» կարծացածության ու վավերականության մեջ մեղավոր են Հայաստանում քաղաքական խաղի մասնակից բոլոր ուժերը՝ որոշներն իբրև ներմուծող, որոշները` դրանց դեմ անարդյունավետ կամ թվացյալ պայքարողներ։ 

Իհարկե, արդար չի լինի, եթե դարձյալ չարձանագրենք, որ մեր հասարակության մի զգալի հատված մերժեց ընտրությունները, բավական լուրջ մաս պարզապես չընդունեց ընդդիմության ուղերձներն ու արժեքները, իսկ ավելի պարզ՝ հուսահատված նախընտրական դաշինք ու միասնական ճակատ կազմելու ընդդիմության խրոնիկ անունակությունից, չհավատաց հետընտրական դաշինքի մասին հեքիաթներին, մանավանդ որ գործող խորհրդարանն այս իմաստով առանձնապես հիմքեր չի տալիս։ 

Եվ բնական է, որ մեր հասարակության ապատիկ ու գործնապաշտ մի մեծ հատված, որը «նաղդի ու նիսյայի» ընտրության մեջ «նաղդի» կողմնակից է և առաջնորդվում է այդ պահին աչքի ու գրպանի տեսածով, նախընտրեց կանախատեսելի ու բացահայտ ներկան։

Ու, եթե նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական կլիման ու ձայների հարաբերակցությունը թույլ էր տալիս բարձրաձայնել լեգիտիմության բարոյականության մասին, այս պարագայում քաղաքական մեծամասնությունն առավել հանգիստ ու համոզված լինելու առիթ ունի։

Իսկ ահագնացող արտագաղթի, 30%-անոց աղքատության, եռապատկվող արտաքին պարտքի կամ տնտեսական ճգնաժամի մասին խիստ տագնապալի պատկերն այլևս սոսկ վիճակագրական փաստ է, և ո՜չ քաղաքական անկայունության, և ո՜չ էլ հասարակությանը փողոց տանելու հիմք….. անպտուղ ու անհետևանք քննարկումները նույնիսկ այս խնդիրը դարձրին սովորական։

Հրապարակվեց կառավարության նոր, ըստ էության հին կազմը։ Երկրի զարգացման հեռանկարում լուրջ ակնկալիքներ ունենալը որքանո՞վ է իրատեսական, դժվարանում եմ ասել։

Այնինչ երկրի քաղաքական այժմեականացման հրամայականն այլևս ոչ թե այս կամ այն կուսակցության օրակարգի խնդիր է, այլ ազգային անվտանգության գերակա խնդիր, երկրի հետագա կենսագործունեության նախապայման։ 

Չեզոքացված կամ ինքնաչեզոքացած ընդդիմության, քաղաքական ինստիտուտների ու իշխանության ճյուղերի միջև հակակշիռների չգոյության, պարզապես քաղաքական մենաշնորհի պայմաններում բարեփոխման ակնկալիքն ու սպասումն ուղղվում է դեպի նախագահական։ 

Եվ պարզվում է՝ ոչ միայն քաղաքական բարեփոխման. այս ֆոնին զավեշտական, մի քիչ ողբերգական ու մի քիչ էլ հասկանալի է, երբ նույնիսկ «Անուշ» օպերայի անհաջող բեմադրության համար հայ մտավորականները հերթական բաց նամակն են գրում ուղիղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Իսկ առայժմ քաղաքական մեծամասնությունն ուղեկցվում է պատերազմի իրավունքով՝ երկրի բոլոր ձախողումները բարդելով անավարտ պատերազմի վրա ու հայրենիքը ոտքի կոխան դարձնելով նրա որոշ «հերոսների» համար։ 

Արդարացված է՞ կամ ժողովրդավարան պետության դասական, քաղաքագիտական սահմանումներով ճիշտ է՞ արդյոք մեկ հոգուց, տվյալ պարագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ակնկալել, որ նա ներքին արժեքային վերադասավորումներ, այդ թվում՝ քաղաքական վարքագծային ու բովանդակային մաքրագործություն անելու համառություն ու կամք կունենա, դժվար է ասել, ժամանակը ցույց կտա։ 

Համաձայն եմ Հրանտ Մաթևոսյանի հետ…ես էլ եմ հավատում յուրաքանչյուրի ու ամեն մեկի ճիգին…. Մի՞թե սա է այլընտրանքը….. »

© Medialab.am