Գյուղնախարարությունը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում գարնանացան մշակաբույսերի հնարավորին մեծամասշտաբ ցանքսի համար

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում արդեն ավելի քան 5000 հեկտար ցանքս կատարելու համար գարնանացան և բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման հայտեր են ներկայացվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակով և բանջարեղենի սղությամբ պայմանավորված, նախարարությունը կարևորում է բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսը:

«Հայաստան» համահայկական և Էյ-Թի-ԲԻ հիմնադրամների կողմից ընդհանուր առմամբ մոտ 300 տոննա կարտոֆիլի սերմացու է տրամադրվել Արցախին, որը բարեգործական հիմունքներով հատկացվել է Հանրապետության շրջանների բնակիչներին։ Բացի այդ, հաշվի առնելով մեծ պահանջարկը, մատչելի գներով բարձրորակ սերմացու է տրամադրվում նաև պետության կողմից»,-հավելել է գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծրագրերից օգտվելու համար պարտադիր պայման էր 0,5 հեկտար հողատարածքի առկայությունը, ներկայում այդ շեմը նվազեցվել է՝ հասցվելով մինչև 1000 քառակուսի մետրի:

Նախարարը մանրամասնել է, որ բանջարեղենի առումով Հանրապետությունում ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրերի շրջանակում, գերատեսչությունը հողօգտագործողներին աջակցություն կցուցաբերի նաև ֆինանսական տեսքով՝ հեկտարի համար 200-ից 500 հազար դրամի չափով:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով տրամադրվող սերմացուների ցանկում ընդգրկվելու են նաև կարևոր նշանակություն ունեցող գարնանացան մյուս մշակաբույսերը՝ կերային, յուղատու և այլն:

Նախարարը հավելել է, որ բերքի իրացումը կազմակերպելու համար արդեն իսկ հանդիպումներ են կայացել տեղական վերամշակող արտադրությունների ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մեծ քանակով մթերել համապատասխան չափանիշներով բանջարեղեն: Մեր զրուցակցի համոզմամբ՝ պահանջարկը մեծ է լինելու նաև շուկայում՝ պայմանավորված շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներով:

«Գյուղատնտեսության նախարարությունը ձգտում է խթանել տեղական արտադրությանը, իսկ իրացման հետ կապված դժվարություններ չեն լինելու»,-վստահեցրել է Գեորգի Հայրիյանը՝ հավաստիացնելով, որ դրանց առկայության դեպքում պետությունը համապատասխան լուծումներ կապահովվի: