«Արտահագուստով ոնց որ ակվարիումի մեջ լինես, բայց հարմարվում ենք, նորմալ է»․ կամավոր Ֆրունզ Արմենակյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում

«Խորթ էին թե՛ իրավիճակը, թե՛ համազգեստը, թե՛ ռեժիմին հարմարվելը, ամեն անգամ մեր մեկուսացված քաղաքացիների մոտ մտնել-դուրս գալուց հետո ախտահանմանը հետևելը, քանի որ այս պարագայում մենք չգիտենք՝ ովքեր են առողջ, ովքեր են հիվանդ, դրա համար պետք է մեզ հետևենք, ուշադիր լինենք, որ չվարակվենք»,- պատմում է Երևանի մեկուսարաններից մեկում կամավորական աշխատանք կատարող 25-ամյա Ֆրունզ Արմենակյանը։

Մասնագիտությամբ դեղագետ, ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Ֆրունզ Արմենակյանը կամավորների թիմի հետ մեկուսարանում իր օգնություն է ցուցաբերում մեկուսացված քաղաքացիներին, կորոնավիրուսային հիվանդների հետ կոնտակտ ունեցող մարդկանց:

Ֆրունզը մեկուսարան է եկել 55 օր առաջ՝ իմանալով, որ կադրերի պակաս կա, ցանկացել է իր ներդրումն ունենալ այս դժվար պայքարում։

55 օր է՝ մեկուսարանում է, այս ընթացքում տուն չի գնացել, կարոտել է հարազատներին, բայց որոշել է՝ չի վերադառնալու տուն, մինչև չհաղթահարվի իրավիճակը։ «Ճիշտ եմ գտել այստեղ մնալը՝ նաև հարազատներիս չվարակելու նպատակով։  Իհարկե անհանգիստ են, շատ են կարոտել, անընդհատ զանգում են, ասում են՝ երբ է այս ամեն ինչը վերջանալու, գաք, հույս ենք տալիս, որ շուտով կվերջանա, մենք էլ տուն կգանք»,- նշում է Արմենակյանը։ 

Պատմում է, որ կամավորական աշխատանքը բազմաբովանդակ է, տարբեր աշխատանքներ են կատարում․ «Մարդկանց ենք դիմավորում՝ օտարերկրյա քաղաքացիների, որ գալիս են դրսից, մենք ենք նրանց դիմավորում, հենց առաջին փուլից մինչև հյուրանոցում տեղավորելը, ամեն ինչի մեջ ներգրավվել ենք։ Հիմնականում զբաղված ենք մեկուսացվածներին սնունդ բաժանելով, անընդհատ գիշեր-ցերեկ հետևում ենք նրանց առողջական վիճակին, զանգերին ենք պատասխանում, լինում է՝ վատ են զգում, միանգամից մեզ են զանգում, հետո մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում»։

Ասում է, որ եթե մեկուսացվածների մեջ մարդիկ կան, որ առողջական խնդիրներ ունեն կամ սննդի հետ կապված հարցեր, հատուկ ուշադրություն են դարձնում։

Նշում  է, որ մեկուսացված քաղաքացիները ջերմ են, հարգալից, բայց և կան մարդիկ, որոնք դժվարությամբ են հարմարվում 14-օրյա մեկուսացված կյանքին։ «Ունենք քաղաքացիներ, որ դժվար են հարմարվում, ինչ-որ չափով նրանց էլ կարելի է հասկանալ, կոպիտ ասած՝ մենք զրկում ենք մարդկանց ազատությունից, բացատրում ենք, խնդրում ենք, որ հասկանան՝ իրենց ու շրջապատի առողջության համար ենք անում, պետք է համբերատար լինել»,- նշում է նա։

Ասում է, որ երբ 14 օր հետո թեստավորում է անցկացվում, և առանց ախտանշանների մարդկանց մոտ թեստը դրական է լինում, սկսում են չհավատալ, այդ դեպքում սկսում են հոգեբանորեն աջակցել նրանց, բացատրել։

Այս դժվարին աշխատանքի մասին պատմելիս Ֆրունզը չի խոսում իր հոգնածության մասին, ասում է, որ որևէ բարդ բան չկա, միայն խոստովանում է, որ մի քիչ շոգ է լինում արտահագուստը հագնելու և դիմակ ու ձեռնոց կրելու դեպքում։ «Քանի որ արտահագուստը հերմետիկ փակվում է, ոնց որ ակվարիումի մեջ լինես, լինում է՝ մեկ-մեկ ձիգ են, անհարմար են, բայց հարմարվում ենք, նորմալ է»,- ուրախ-ուրախ պատմում է նա: 

Ֆրունզը հորդորում  է մարդկանց հետևել հիգիենայի կանոններին, ախտանշաններ ունենալու դեպքում դիմել բժշկի։

Իսկ մինչև այս ամենի ավարտը, վստահորեն ասում է, որ մնալու է մինչև վերջ: «Հուսով ենք՝ հաղթանակած ենք դուրս գալու այս ամեն ինչից, հենց սկզբից էստեղ եմ եղել ու մինչև վերջ էլ մնալու եմ։ Նահանջել չեմ սիրում, սկսել եմ՝ պիտի մինչև վերջ գնամ»,- ասում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am