ՄԻԵԴ-ը ապօրինի է ճանաչել Թուրքիայի 40 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել, որում ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները, գրում է Ermenihaber.am-ը։

Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշվել է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ բնութագրված է որպես «սահմանադրությանը հակասող»:

Ըստ գործով զբաղվող փաստաբանների հայտարարության՝ եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5.000-ական եվրո փոխհատուցում վճարել նշյալ 40 պատգամավորներին (ընդհանուր 200.000 եվրո): Բացի այդ Եվրոպական դատարանի որոշման մեջ Թուրքիայից պահանջվում է վճարել նաև հայցվորների դատական ծախսերը:

Հիշեցնենք, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող սահմանադրական օրենքն ընդունվել էր 2016-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախաձեռնությամբ: Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը: Օրենքի փոփոխության հիմնական «շահառուն» հանդիսանում է քրդամետ ԺԴԿ-ն, որի տասնյակ պատգամավորներ դրա հետևանքով զրկվել են անձեռնմխելիությունից, ձերբակալվել ու կալանավորվել: