«Հոկտեմբերի 5-ին ո՞ւմ է զանգել Սերգո Կարապետյանը». Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում.Factor

Hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor-Nork Administrative Districts

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկեց գրավոր ապացույցների հետազոտման փուլը: Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը դատական նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին, որն ուղարկվել է ԱԱԾ:

Նա ներկայացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը, որում մասնավորապես ամրագրված է. «Հիմնազուրկ են այն ենթադրությունները, թե հոկտեմբերի 5-ին ՀՔԾ-ում գտնվող Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է տեղի ունեցել, ինչի արդյունքում վերջինս Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել»:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն արձագանքեց՝ զարմացած է, որ քրեական գործով ներգրավվել է ևս մեկ մեղադրող, ԱԱԾ քննիչ. «Նյութերի նախապատրաստման փուլում բոլորս էլ գիտենք՝ քննիչը չէր կարող ունենալ այն գործիքակազմը և իմ ներկայացրած փաստերը ապացույցները, որոնք ես տրամաբանական կապով ամրագրված նշել եմ։

ԱԱԾ քննիչը նաև ՀՔԾ քննիչի պաշտպանի դերն է ստանձնել. շատ զարմանալի է: Ես գնահատում եմ դատախազի ջանքերը, բայց անձամբ եմ նյութերի նախապատրաստման ընթացքում հարց բարձրացրել, ասել՝ պարզեք, թե հոկտեմբերի 5-ին ո՞ւմ է զանգել Սերգո Կարապետյանը»:

Այս հարցին՝ այդպես էլ պատասխան չհնչեց։ Ամրամ Մակինյանը դատարանի դահլիճում հարցականի տակ դրեց այն հանգամանքը, թե ինչու է քննիչը հարցաքննություն կանչելու ձևը փոխել։ Նրա խոսքով՝ քննիչը որդեգրել է մարդկանց հեռախոսով հարցաքննության կանչելու մարտավարությունը. «Ինչ-որ փուլում մարդկանց, տվյալ պարագայում, Սերգո Կարապետյանին հարցաքննության կանչելու ոճը փոխվել է: Ինչո՞ւ:

Այս գործի նախաքննության փուլից այս քրեական գործով մարդիկ կանչվում են հարցաքննության առանց ծանուցագրերի, մեկ էլ կանչվում են ծանուցագրերով։ Դա պարունակում է հարկադրանքի տարրերի նշումներ: Եվ դրանից հետո փոխվում է այս քրեական գործով ողջ իրավիճակը»: Արսեն Մարտիրոսյանը հակադարձեց՝ հարցաքննության կանչելու ձևը քննության տակտիկայի հետ կապ չունի։

Բանավեճից հետո՝ պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով՝ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք կապված են թվերի հետ, և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն ունեն: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: