Հայաստանում սկսվել է համավարակի հինգերորդ ալիքի մեկնարկը. Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

  Տիկի՛ն Աբովյան, միայն այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 3956 նոր դեպք: Դատելով օրական արձանագրվող թվերի աճից՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում համավարակի հինգերորդ ալիքն է սկսվել:

– Սկսվել է հինգերորդ ալիքի մեկնարկը, դեռ պիկին չենք հասել: Լարված իրավիճակը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով, 14 օրվա նոր դեպքերի տվյալները համեմատելով նախորդ 14 օրվա հետ, կարող ենք ասել, որ ունենք նոր դեպքերի 628% աճ, վարակի վերարտադրողականության ցուցանիշը շատ բարձր է, 7 օրվա կտրվածքով՝ 3,08, ինչը նշանակում է, որ եթե հակահամաճարակային բոլոր կանոնները չպահպանվեն, առաջիկա 7 օրերի ընթացքում կարող ենք ընդհանուր ունենալ 52000-ից ավելի նոր դեպք: Հիվանդացությունն աճել է մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում՝ հատկապես 3-5 ու 6-17: ՀՀ-ն Եվրամիության չափանիշներով մուգ վառվող կարմիր գոտում է գտնվում:

Սուր շնչառական հիվանդությունները և՞ս ակտիվացել են:

– Սուր շնչառական վարակներով հիվանդացության շեմը նախորդ տարվա համեմատ կրկնակի բարձր է, ինչն էլ իր հերթին ևս ավելի է լարում իրավիճակը:

Սուր շնչառական հիվանդացության հիմնական տարիքային շեմը ո՞րն է, տիկի՛ն Աբովյան:

– 0-18 տարեկաններն են հիմնականում, որովհետև մեր դեպքային հսկողության շրջանակներում ընտրանքային վերցրած նմուշներով՝ Հայաստանում շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ գրիպ A-ն հիմնականում ախտահարում է երեխաներին ու շատ արագ է տարածվում:

Իսկ հնարավո՞ր է, այս հանգամանքը հաշվի առնելով, առողջապահության նախարարությունը դիմի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի դպրոցներն անցնեն հեռավար ուսուցման:

– Չի բացառվում: Բայց այս պահին հստակ բան չեմ կարող ասել, որովհետև դեռևս սովորական մշտադիտարկում է իրականացվում՝ իրավիճակի գնահատման համար, որի արդյունքներից ելնելով էլ նոր կարող ենք խոսել հնարավոր սահմանափակումների ու խստացումների մասին:

Հավելենք, որ առողջապահության նախարարության այսօրվա տվյալների համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքում գործում է քովիդի սպասարկման 12 բժշկական կենտրոն, որից երկուսը՝ Կապանում և Սպիտակում: Երևան քաղաքում գործող ԲԿ-ներն են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Ավան» կլինիկան, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը», «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, «Արմենիա» հանրապետական ԲԿ, «Արաբկիր» բժշկական համալիրը, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրը:

1435 ընդհանուր մահճակալային ֆոնդից 1113-ը զբաղված են: Թոքի օդափոխման սարքերին միացված է 27 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 81, ծանր՝ 369 քաղաքացի: Վերակենդանացման բաժանմունքի 207 մահճակալից 168-ը զբաղված են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am