Լևոն Զուրաբյան. «Մենք վերականգնելու ենք մեր իրավունքը` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում»

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հավատացնում է, որ ամեն ինչ անելու են վերականգնելու Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կոնգրեսն իրազեկում էր ներկայացրել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, մինչդեռ նույն օրը քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն փետրվարի կեսից մինչև մարտի 15-ը Ազատության հրապարակում անցկացվելու են «սպորտային և մշակութային միջոցառումներ»:
Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց այն երկու պատճառները, թե ինչո´ւ է ընդդիմությունն անպայման ցանկանում հանրահավաք անցկացնել հենց Ազատության հրապարակում և ի´նչ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Նա ասում է, որ Ազատության հրապարակն օկուպացված էր սովետական զորքերի կողմից 88 թվականին, երբ առաջին խոշոր ցույցերը եղան ողջ ԽՍՀՄ-ում: Երբ ձեռք բերվեց անկախությունը, և ժողովրդավարությունը հաստատվեց Հայաստանում, Ազատության հրապարակն ազատագրվեց ժողովրդի կողմից և այդ իսկ պատճառով նոր դեմոկրատական իշխանությունների կողմից այն վերանվանվեց Ազատության հրապարակ: Դրանից հետո քսան տարի Ազատության հրապարակը ծառայել է հայ ժողովրդի քաղաքական գործունեության հիմնական վայր:

«Բոլոր ցույցերը, հանրահավաքները, պիկետները անցել են այնտեղ: Իսկ այսօր այդ հրապարակն օկուպացված է հայ ոստիկանի կողմից»,- ասում է Զուրաբյանը` Երևանի քաղաքային իշխանությունների` Ազատության հրապարակը մեկ ամսով ևս ընդդիմության համար փակելու որոշումը գնահատելով որպես վիրավորանք հայկական դեմոկրատական հասարակությանը:

Ըստ Կոնգրեսի համակարգողի` սա է առաջին պատճառը, թե ընդդիմությունն ինչո´ւ է ցանկանում, որպեսզի վերականգնվի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքը:

Երկրորդ պատճառը Զուրաբյանը համարում է այն, որ Ազատության հրապարակում ցույցերի արգելումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և օրենքներին:

«Հավաքների մասին» օրենքը շատ հստակ նկարագրում է, թե որոնք են այն վայրերը, որտեղ կարող են հավաքներն արգելվել: Եվ որևէ օրինական հիմնավորում արգելման համար Հայաստանի իշխանությունները այս դեպքում չեն բերում»,- ասում է Զուրաբյանը:

Զուրաբյանը նշում է, որ սկզբի համար ընդդիմությունը նախատեսում է, այսպես կոչված, «փափուկ ճնշում»`իրավական քարոզչության տեսքով` բացատրելու համար և´ հայաստանյան հասարակությանը, և´ միջազգային հանրությանը, թե ո՞րն է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու կարևորությունը, և թե որքան անօրինական են իշխանությունների գործողությունները:

«Բայց եթե այս ամենը արդյունք չտա, մենք, անկախ իշխանությունների որոշումից, մի օր որոշում կընդունենք անցկացնել Ազատության հրապարակում հանրահավաք: Մենք այդպես վարվեցինք նաև 2008-ի հունիսի 20-ին, երբ իշխանություններն առանց օրինական հիմքի արգելում էին որևէ ցույց ընդհանրապես: Մենք հայտարարեցինք օրը և արեցինք հանրահավաք` դրանով նորից վերականգնելով հանրահավաքներ անցկացնելու մեր իրավունքը: Հետո վերականգնեցինք երթեր անցկացնելու մեր իրավունքը, ինչը ևս արգելված էր,- ասում է Լևոն Զուրաբյանը: – Հիմա մենք վերականգնելու ենք մեր իրավունքը` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am