Դասագրքեր կա՞ն, թե՞ ոչ. Նախարարությունը հավատացնում է՝ այսօրվանից սկսվել է գրքերի բաշխումը 5-րդ և 7-րդ դասարաններում

Մի քանի օր է՝ ինչ ծնողներն ու ուսուցիչներն ահազանգում են, որ նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքերը դեռ չեն հասել դպրոցներ, ու իրենք չգիտեն, թե ինչպես պետք է կազմակերպեն դասապրոցեսը:

«Նոր ուսումնական տարին մեկնարկել է, բայց դեռ դասագրքերը մեր դպրոցին չեն հանձնել, դեռ հստակ չէ, թե ինչպես պետք է կազմակերպեմ դասընթացը»,- «Մեդիալաբին» ասում է Վարդենիս համայնքի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի դասվար Աիդա Աբրահամյանը: 

Հիշեցնենք, որ հանրապետության ուսումնական հաստատություններում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում 2023-24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը:

Նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, որոնք փուլային տարբերակով կտրամադրվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում:Կարինե Մանուկյանը վստահեցնում է, որ մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դասարանները կապահովվեն դասագրքերով, իսկ մինչ այդ «նախարարությունը համապատասխան շրջաբերականով դիմել է քաղաքապետարաններին ու մարզպետարաններին՝ դպրոցներն ապահովել դասագրքերի պատճեններով կամ դասապրոցեսը կազմակերպել առցանց տարբերակով»:

«Այսօրվանից սկսվել է դասագրքերի բաշխումը, 5-րդ և 7-րդ դասարանցիներն այսօրվանից ստանում են նոր դասագրքերը, փուլային եղանակով ստանալու են բոլորը, ու սեպտեմբեր ամսվա ընթացքում ամբողջությամբ կավարտվի գործընթացը»,- «Մեդիալաբին» ասում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հարցին օրեր առաջ անդրադարձել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Այստեղ, իհարկե, դպրոցներում աշխատանքի որոշակի կազմակերպման խնդիր կունենանք, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ, և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու»,- Երեւանում օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am