«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն». քննարկումներ բացթողումների եւ բարեփոխումների անհրաժեշտության շուրջ

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն». քննարկումներ բացթողումների եւ բարեփոխումների անհրաժեշտության շուրջ
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն». քննարկումներ բացթողումների եւ բարեփոխումների անհրաժեշտության շուրջ

Անչափահասների արդարադատության, միավորումների ստեղծման, խտրականության արգելման, կոռուպցիայի ազդեցության, ԶԼՄ-ների ազատականացման, արդար դատաքննության, սեփականության օտարման և այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին հունվարի 23-ին բարձրաձայնեցին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ` Երեւանում:
Նրանք մատնանշում են, որ վերը նշված և բազմաթիվ այլ իրավունքներ արձանագրված չեն «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն»-ում, որի շուրջ այսօր հանրային քննարկում էր ծավալվել:
Քննարկումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կազմակերպություն)` համագործակցելով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային առաջին խմբի հետ:
Քննարկմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և «Արևելյան գործընկերության» Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:
Ըստ ՀԿ-ների ներկայացուցիչների՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» բարեփոխումների կարիք ունի` կապված կոնկրետ ոլորտներում մարդկանց իրավունքների հետ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից Սիրանուշ Սահակյանը նշում է, որ բացթողումներ կան երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Հայաստանում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ կարձանագրեն, որ մենք այս դաշտում ունենք անչափահասների արդարադատության հետ կապված խնդիրներ, որը չի հասկացվել և ոչ մի կերպ արտացոլում չի գտել այս փաստաթղթում»,- ասում է Սահակյանը:

Նա նշում է, որ ռազմավարության մեջ թեև հստակ տարանջատված են քաղաքական և քաղաքացիական իրավունքները սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներից, միևնույն է, պետության պարտավորությունների և ժամանակացուցային առանձնահատկությունները փաստաթղթում արտացոլում չեն գտել:

«Փաստաթղթում նշված է հավաքների ազատության իրավունքը, բայց նշված չէ միավորվելու, միավորումների ազատության իրավունքը: Անտեսված իրավունքերի շարքում մեծ կարևորություն ունի խտրականության արգելքը, որը դարձյալ որևէ կերպ արտացոլված չէ»,-ասում է Սահակյանը:

Միավորումներ ստեղծելու հետ կապված որոշ խնդիրներ է ներկայացնում նաև Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և անդրադառնում, մասնավորապես, կրոնական կազմակերպություններին:

«Այսօր գործող կրոնական կազմակերպությունների մասին օրենքով միավորումների ազատությունը սահմանափակված է, որովհետև մինչև 200 անդամ չունենաս, չես կարող որպես կրոնական կազմակերպություն գրանցվել»,- ասում է Իշխանյանը և հավելում, որ այդ մասին փաստաթղթում ոչինչ նշված չէ:

Նա նաև մտահոգություն է հայտնում, որ ազգային ռազմավարությունում չկան իշխանության տարանջատման ուղղությունները:

«Մարդու իրավունքների համար ամենակարևոր հարցը իշխանության սահմանափակումն է: Ինչքան իշխանությունը բացաձակ է, այնքան բացարձակ են խախտվում մարդու իրավունքները: Այս տեսակետից ես այս ռազմավարության մեջ չեմ տեսնում իշխանության տարանջատման ուղղությունները, դատական իշխանության անկախ լինելը գործադիր իշխանությունից: Շատ լավ կլիներ, որ այստեղ այդ մասին խոսվեր»,- ասում է Իշխանյանը:

Քննարկմանը մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչները նշում են, որ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» իրապես էական նշանակություն ունի և պետք է բարեփոխվի, որպեսզի լինեն մարդու իրավունքների վիճարկում և արմատական բարեփոխում:

«Այս ռազմավարությունը, ցավոք, արմատական լուծումներ չի առաջարկում և մեթոդաբանական իմաստով խիստ անհաջող է»,- ասում է Լրագրողների «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը և մատնանշում ԶԼՄ-ների, մասնավորապես, հեռուստատեսության և ռադիոյի ազատականացված չլինելու խնդիրները Հայաստանում:

Կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների վրա նույնպես չի արտացոլվել փաստաթղթում, որին անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

«Մենք գիտենք, որ կաշառակերությունը, հովանավորչությունը, յուրացումները ուղղակիորեն խտրականության դրսևորումներ են առաջացնում, անդրադառնում են մարդկանց կրթության, առողջության, սեփականության, կյանքի, արդար դատաքննության և ընտրական իրավունքի վրա, սակայն սրան որևիցե անդրադարձ չի կատարված»,- հավելում է Այվազյանը:

ՀԿ-ների ներկայացրած բոլոր բացթողումներին ու առաջարկություններին, ռազմավարությունում փոփոխություններ մտցնելու նպատակով, արձագանքեցին նաև արդարադատության նախարարության ներկայացուցիչները, որոնց վրա է դրված ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համակարգումը:

Նրանք նշում են, որ առաջարկությունները հաշվի կառնվեն և կշտկվեն «գոնե գործողությունների ծրագրի մակարդակում»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am