ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)

ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)
ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)

Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ:

Մասնավորապես, մենք սկսեցինք զանգահարել հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:

Ամենը Հանրապետականի համար

Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ):

Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը՝ տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»):

Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով:

Ցուցակների ծավալները տարբեր են: Միջինում դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի: Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղավ տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունեց, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն:

Մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու թաղապետարաններ

Մարզերում, որպես կանոն, ցուցակները փոխանցվում են մարզպետարանի կրթության վարչություններ (հաճախ տնօրենները նշում էին կոնկրետ պետերի անուն-ազգանունները) ու քաղաքապետարաններ, իսկ Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմեր (թաղապետարաններ): Սակայն կային և տնօրեններ, ովքեր հպարտությամբ նշում էին, որ իրենք ցուցակները միանգամից փոխանցել են թեկնածուների շտաբներ (օրինակ՝ «Սասի Արտակի»՝ Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի և այլն):

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք ընտրողների հետ «աշխատել» են նաև տարածքային թեկնածուների մասով, տնօրեններից շատերը հաստատելով տալիս էին կոնկրետ թեկնածուների անուններ: Այդ թվում՝ Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի («Սասի Արտակի»), Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սերյան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեղամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները:

Զավեշտալի դեպք եղավ կապված Վեդի քաղաքի հետ, որի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ ետ զանգեց և ասաց, որ ցուցակները դպրոցներից ինքն է հավաքել ու հարցրեց, թե ինչո՞վ կարող է օգնել:

Հարկ է նշել, որ բոլոր զանգերը կատարվել են բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, գրեթե բոլոր դեպքերում, դպրոցների աշխատանքային (քաղաքային) հեռախոսահամարներին:

Չոր արդյունքներ

Ընդհանուր առմամբ, մենք զանգահարել ենք գումարային 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունեցին ցուցակներ հավաքագրելու փաստը: Տնօրեններից միայն մի քանիսը ասացին, որ «դպրոցը ապաքաղաքական է»:

Տնօրեններից մոտ 75 տոկոսը ցուցակները փոխանցել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ կամ թաղապետարաններ, իսկ 25 տոկոսը՝ միանգամից Հանրապետականի շտաբներ: Իսկ տնօրեններից մեկը ցուցակը փոխանցել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը:

Դատելով մեզ հետ զրուցած տնօրենների խոսքերից,  վարչական ռեսուրսների չարաշահման այս բուրգում ներգրավված են բոլոր մարզպետարանները (բացառություն են դաշնակցական մարզպետները), Երևանի համարյա բոլոր վարչական շրջանների աշխատակազմերը և բազմաթիվ քաղաքապետարաններ:

Հ.Գ. Նշենք, որ թեև մենք տնօրենների հետ խոսելիս սխալ ենք ներկայացել և առանց նախազգուշացնելու ձայնագրել ենք խոսակցությունները, սակայն այդ կերպ մենք չենք խախտել ՀՀ-ում գործող օրենսդրությունը: Իսկ այդ քայլին գնացել ենք որպես ծայրահեղ միջոց, քանի որ այս աշխատանքը իրականում պետք է անեն իրավապահները՝ օգտագործելով օպերատիվ-հետախուզական հնարավորությունները:

Մենք հրապարակում ենք միմիայն ցուցակներ հավաքագրելու փաստը ընդունած տնօրենների հետ մեր խոսակցությունների ձայնագրությունները՝ որպես վերոգրյալի ապացույց: Մենք չենք հրապարակի այն 22 տնօրենների հետ խոսակցությունների ձայնագրությունները, որոնք մեզ հետ զրույցներում չեն ընդունել ցուցակներ հավաքագրելու փաստը:

Դպրոցների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ 

Մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ

Աղբյուրը՝ sut.am