Թուրքիան ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ռեկորդային ցուցանիշի է հասել.Factor

Թուրքիայի ռազմարդյունաբերական և ավիացիոն ձեռնարկությունները, հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, գերազանցել են ռազմական արտադրանքի արտահանման՝ ամբողջ 2020 թվականի ցուցանիշները, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Նշվում է, որ թուրքական արտադրության տարբեր զինատեսակներ ակտիվորեն օգտագործվում են տարբեր գործողությունների ժամանակ՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրից դուրս։

Թուրքիայի արտահանողների միության տվյալներով՝ եթե 2018 թվականին ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը կազմել է 2 մլրդ 35 մլն 956 հազար դոլար, ապա 2019-ին այդ թիվը հասել է 2 մլրդ 740 մլն 988 հազար դոլարի։   

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումը 2020 թվականին կրճատվել է 16,8 տոկոսով՝ կազմելով մինչև 2 միլիարդ 279 միլիոն 27 հազար դոլար։

Եթե նախորդ տարվա առաջին 11 ամսիներին Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանումը կազմել է 1 մլրդ 999 մլն 306 հազար դոլար, ապա 2021-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը աճել է 39․7 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 793 մլն 974 հազար դոլարի։

Նշվում է, որ այսպիսով, Թուրքիայի ամբողջ պատմության մեջ սահմանվել է ռազմարդյունաբերական համալիրի արտահանման նոր ռեկորդ։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Թուրքիայի պաշտպանական արտահանումը կգերազանցի 3 միլիարդ դոլարը։

Թուրքական ռազմական ու ավիացիոն արտադրանքի գլխավոր ներկրողը, 2021 թվականի 11 ամիսների տվյալներով, ինչպես և նախորդ տարիներին, ԱՄՆ-ն է՝ 1 մլրդ 32 մլն 615 դոլարով։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 192 մլն 126 հազար դոլարով, երրորդը Կատարն է՝ 180 մլն 544 հազար դոլարով, չորրորդը՝ ԱՄԷ-ն, հինգերորդ երկիրը՝ Գերմանիան։