«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել է, թե հրաժարական է տվել, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ–ն կարող է համաձայնություն տալ ինչ–որ գաղափարների, որոնք մեր ազգային և պետական շահի դեմ են։ Սա արդյո՞ք նշանակում է, որ առկա է նոր փաստաթուղթ։
– Պարոն Այվազյանի հրաժարականի մի քանի հավանական պատճառ կարող է լինել, որոնցից մեկը ձեր նշածն է՝ ինչ-որ նոր համաձայնագրի կամ հայտարարության ի հայտ գալը, որի հետ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնագիտական նկատառումներից ելնելով, համաձայնել չէր կարող:
Իսկ այդ կարգի փաստաթղթի հայտնվելը հնարավոր էր այն դեպքում, եթե դրա բովանդակությունը, դրույթները ձևակերպվել են առանց ՀՀ ԱԳՆ մասնակցության: Դա, իր հերթին, նշանակում է, որ ՀՀ ԱԳՆ գործառույթն իր վրա է վերցրել ՀՀ գործող իշխանության ինչ-որ մեկ այլ օղակ:
Եթե այդ օղակն է այսուհետ զբաղվելու արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող որոշումների մշակմամբ և իրագործմամբ, ապա, առնվազն, արտգործնախարարի պաշտոնը Հայաստանում դառնում է ավելորդ: Ասվածի համատեքստում պարոն Այվազյանի հրաժարականը միանգամայն ընկալելի ու ողջունելի է:
– Ինչպե՞ս եք գնահատում հրաժարականների շքերթը, փոխարտգործնախարարը նույնպես հրաժարական տվեց։ Այս իրավիճակում որքանո՞վ էր դա ճիշտ։
– Ժամանակին՝ 2007 թվականի նոյեմբերի վերջին, ինքս եմ հրաժարական տվել Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի պաշտոնից՝ այդպիսով հրապարակավ հայտնելով իմ անհամաձայնությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վարվող պաշտոնական քաղաքականության հետ կապված:
Դրանից մեկ-երկու շաբաթ անց մեզ պաշտոնապես, մեծ շուքով ներկայացվեցին Մադրիդյան սկզբունքները, որոնք, ցավոք, կանխորոշեցին նաև մեզ համար վտանգավոր զարգացումների ընթացքը: Լինելով պետական կառավարման համակարգի ոլորտային բարձրաստիճան աշխատակիցներից մեկը՝ ես չկարողացա այն ժամանակ կանխել իրադարձությունների այդ ընթացքը և ճիշտ ու ազնիվ համարեցի հրապարակավ հայտնել անհամաձայնությունս և սեփական մոտեցումների և սկզբունքների պաշտպանության հետ կապված գործունեությունս տեղափոխել հանրային քաղաքականության դաշտ:
Պետական գործիչը, առավել ևս՝ արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը, պարտավոր է իր քայլերում ղեկավարվել մասնագիտական պարտքի և սեփական խղճի ու անձնական պատասխանատվության զգացումներով:
– Պարո՛ն Մելիքյան, նշվում է, որ առավել տեսանելի են երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման և բեռնափոխադրումների հնարավորությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս հնարավորությունը։
– Դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ես չեմ կարծում, որ Հայաստանը կմասնակցի այդ կարգի գործընթացներին նախքան հայ ռազմագերիների ազատ արձակումն ու Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի հեռանալը:
– Արցախի անկախության ճանաչումը որքանո՞վ հիմա պետք է դառնա Հայաստանի թիվ մեկ օրակարգը, և որքանո՞վ է դա հնարավոր։
– Արցախի ինքնիշխան կարգավիճակի միջազգային ճանաչման խնդիրը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
Դա է այն երաշխիքը, որը արցախահայությանը ապագայի հույս կարող է ներշնչել, և կլինի հայրենի երկիրը չլքելու կարևոր փաստարկներից մեկը: Արցախն անխուսափելիորեն կհայաթափվի, եթե նաև պաշտոնական Երևանի անգործունակության կամ անտարբերության պատճառով ճանաչվի Ադրբեջանի մաս:
– Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ նոր փաստաթղթի ստորագրումը որքանո”վ կարող է բխել մեր շահերից, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը։
– Դելիմիտացիան ու դեմարկացիան հարևան պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման կարևոր բաղադրյալներ են, բայց նախքան այդ գործընթացներին անցնելը մենք պետք է համոզվենք, որ ադրբեջանական կողմն ունակ է պահպանելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Առ այսօր պաշտոնական Բաքվի պահվածքը մնում է ագրեսիվ, իսկ մի շարք նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններ նա հրաժարվում է կատարել:
Այս պայմաններում որևէ մեկի կողմից ինչ էլ մեզ պարտադրվի, պետք է ընկալվի որպես ուժի կիրառման սպառնալիքով զուգորդվող պահանջ, որն ամեն դեպքում ապօրինի է և չի կարող իրավաչափ ճանաչվել ոչ այժմ, ոչ էլ երբևէ ապագայում:
Մանե Հարությունյան
MediaLab