Սուքիասյանը կգնա մինչեւ Եվրոդատարան

Սուքիասյանը կգնա մինչեւ Եվրոդատարան
Սուքիասյանը կգնա մինչեւ Եվրոդատարան

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է «ապացույցների անբավարարության» հիմքով:

2011 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարը Սուքիասյանի պաշտպանին էր ուղարկել Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը:

Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե տվյալ դեպքում խոսքը պետք է գնար ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով կարճելուն, այլ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին:

Եթե Գլխավոր դատախազությունը մերժի բողոքը, Սուքիասյանի պաշտպանները պատրաստվում են դիմել դատարան, իսկ եթե տեղական ատյաններում հաջողության չհասնեն` բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ. նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 225 հոդվածի առաջին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

ԱԺ նախկին պատգամավորը հետախուզման մեջ էր մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին:

© Medialab.am