Հայաստանի համար ուղղակի ինքնասպանություն է նման ձևով գնալ ուղիղ բանակցությունների, մտնել մի նոր գործընթացի մեջ.  Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», և որ բանակցություններն ընթանում են ուղիղ Երևանի ու Բաքվի միջև։ Ի՞նչ է տալու հայկական կողմին այս ուղիղ բանակցությունը։

– Բացմիցս եմ ասել, որ դա ուղղակի փակուղային իրավիճակ է դառնալու Հայաստանի համար, որովհետև բանակցային հիմքում դրված ամբողջ տրամաբանությունն այն է, որ իրենք Արցախը փաստացի հանձնում են Ադրբեջանին, ճանաչում են Արցախն Ադրբեջանի մաս՝ դրա դիմաց, երաշխավորների միջնորդությամբ, օգնությամբ, ապահովում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 

Բայց այս հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանը թույլ չի տալու որևէ երաշխավորի ներգրավվածություն, առավելևս՝ արևմտյան գործընկերների, ու բաց է թողնելու սահմանազատման ու սահմանագծման հարցերը, այսինքն՝ եթե Հայաստանը պնդում էր 1975 թվականի քարտեզներով այդ գործընթացի իրականացում, ապա ադրբեջանական մամուլը պնդում է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա 1918 թվականի ինչ-որ քարտեզների հիման վրա։ 

Վստահ եմ, որ այս տրամաբանությունն անընդունելի է արևմտյան ու ցանկացած ձևաչափում, ըստ էության, դրա համար էլ այդ հարցը բաց են թողնում, որ հետագայում ուժի, ուժի սպառնալիքի կիրառմամբ արդեն այդ խնդիրն էլ փորձեն լուծել իրենց շահերին համահունչ: 

Ինձ համար ակնհայտ է, որ դա Հայաստանի համար ուղղակի ինքնասպանություն է նման ձևով գնալ ուղիղ բանակցությունների, դուրս գալ նախկին բանակցային տրամաբանությունից ու մտնել մի նոր գործընթացի մեջ, որում Ադրբեջանն ակնհայտորեն շարժվելու է ուժի, ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքով ու իրագործելու է իր առաջ դրված նպատակները։ 

– Բազմիցս եք ասել, որ Ադրբեջանին, մեծ հաշվով, պետք չէ այդ պայմանագրի կնքումը, բայց եթե Հայաստանը պատրաստակամ լինի այս տրամաբանությամբ գնալ այդ քայլին, Ադրբեջանը կկնքի՞ պայմանագիր։

– Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ պայմանագրի մեջ դնում է այնպիսի ռումբեր, եթե անգամ գնա ստորագրման ճանապարհով, որը ոչ միայն չի ապահովելու խաղաղություն, այլ նաև Ադրբեջանին հետագա ագրեսիվ գործողությունների հնարավորություն է տալու, առավելևս, երբ այդ ամենն արվում է առանց միջնորդների։ 

Պատկերացրեք իրավիճակ, երբ պայմանագրի կնքումից մեկ ամիս հետո Ադրբեջանը խախտում է այն, հետո Հայաստանն ումի՞ց է ինչ պահանջում, անգամ նոյեմբերի 9-ի թուղթը, որ Պուտինի անձնական միջնորդությամբ էր կնքվել, ոչ մի արժեք չունեցավ, ամբողջությամբ պայմանավորվեցին իրար մեջ ու չեղարկեցին, իսկ հիմա այս իրավիճակում ո՞ւմ հետ են պայմանավորվելու: 

Հայաստանն իրեն դնելու է շատ բարդ ու փակուղային վիճակի մեջ է, եթե գնա նման ձևաչափով թղթի ստորագրման, իսկ Ադրբեջանը չի ուզում առավելևս արևմտյան միջնորդություն, քանի որ նաև, վստահ եմ, նման խոստում տվել է Ռուսաստանին, այսինքն՝ այն գինը, որն Ադրբեջանը պետք է վճարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար, որ Ռուսաստանն այդ օժանդակությունը ցուցաբերեց, դա այն գինն է, որ ինքն արևմտյան ձևաչափերում ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրելու։ 

– Եթե կան այդ ուղիղ բանակցությունները, եթե Հայաստանը դեմ չէ դրանց, ինչո՞ւ հայկական կողմն այդ մասին չի խոսում, հանրությանը տեղյակ պահում, տիկի՛ն Հայրապետյան։

– Շատ բան մենք հենց ադրբեջանական մամուլից ենք իմանում, դա արդեն սովորական է դարձել: Նրանք որ խոստանում էին լինել թափանցիկ, մեղադրում էին նախկիններին գործընթացի մասին չխոսելու համար, ապա իրենք ընդհանրապես ոչինչ չեն ասում, որովհետև նրանք հայկական շահերի շուրջ չեն բանակցում, նրանք բանակցում են բաներ, որոնք ուղղակիորեն հակասում են հայկական պետության ու հայ ժողովրդի շահերին: 

Ահա թե ինչու ավելի հարմար է մարդկանց փաստի առաջ կանգնեցնել, ինչն էլ իրենք բազմիցս արել են և՛ Լեռնային Ղարաբաղի հարցում, և՛ Հայաստանի սահմանների հարցում, բայց ես վստահ եմ, որ իրենք էլ են հասկանում, որ դա ինքնասպանության տանող ճանապարհ է, ուղղակի իրենք պետք է արդարացնեն Արցախի հանձնումը հանրության ներսում, ու չեմ բացառում, որ սեփական կուսակցական նկրտումների համար, ինչպես դա եղել է բազմիցս, համաձայնեն հենց այս պայմաններով գնալ գործարքի, որն ուղղակի կործանարար է դառնալու Հայաստանի համար։ 

– Ձեր համոզմամբ՝ իսկապե՞ս գործընթացն իրականանում է առանց միջնորդների, թե՞, այնուամենայնիվ, կան չերևացող միջնորդներ։

– Մենք տեսանք, որ վերջին միջնորդավորված հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Եթե ուշադրություն դարձնեք՝ դրանից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարը ժամանեց Երևան, մինչ այդ տեղի էր ունեցել Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների զրույցը: Իմ տպավորությունն այն է, որ տարածաշրջանում երեք տերությունները՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, հիմնականում փորձում են այդ հարցը պահել տարածաշրջանում, այսինքն՝ թույլ չտալ դրսից ակտորների ներգրավվածություն և այդ թեմայի շուրջ իրենք կոմպրոմիս ունեն, ուստի այդ չերևացող միջնորդները կարող են դիտարկվել հիմնականում այդ երեքը։ 

Ես, իհարկե, ապշած եմ Արևմուտքի վերաբերմունքից, արձագանքներից կամ դրանց լիակատար բացակայությունից, հանդուրժողականությունից, որ Ալիևը այդպես կարող է խոսել նույն պաշտոնական Վաշինգտոնի հետ, բայց, այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ նրանց ամբողջությամբ գործընթացից դուրս են թողնում և դա անում են նաև Հայաստանի օգնությամբ: Ինձ շատ հետաքրքիր է, թե «արևմտամետ» փորձագետներն ինչպե՛ս են այս անգամ արդարացնելու Փաշինյանի քայլը։

– Իսկ տարածաշրջանային այդ երկրներին ձեռնտո՞ւ է այն տրամաբանությունը, որն առաջարկում է Ադրբեջանը։

– Դժվարանում եմ հստակ ասել, որովհետև ես կարծում եմ, որ այդ խճապատկերի շատ մասնիկներ մենք չունենք, ընդամենը հենվում ենք բաց աղբյուրներին, ու կարծում եմ, որ եթե Հայաստանը գնում է այդ ուղիով, օրինակ՝ նույն Իրանի պարագայում, եթե անգամ իրենց շահերից չի բխում այս կամ այն գործողությունը, ի՞նչ են անելու, ստիպելու են չգնա՞լ այդ ուղղությամբ: Նրանք իրենց շահերն են սպասարկում, նրանք Հայաստանի շահերի սպասարկուն չեն, իրենց խնդիրներն են իրենք լուծում, փորձում են թույլ չտալ իրենց դուրս թողնել գործընթացներից, ինչպես եղել է 2020-ին, դրա համար էլ պատրաստ են իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ 

Ոչ մի երրորդ պետություն, որքան էլ իր շահերից ելնելով ուզենա քեզ ուժեղ տեսնել, եթե դու ուժեղանալու որոշում չունես, ապա ոչ մեկը քեզ չի կարող օգնել, իսկ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել, որ Ադրբեջանին չեն բարկացնելու, ոտքի չեն կանգնելու, խեղճ են մնալու, տեսնեն՝ գլխներին ինչ կգա, մյուսներն էլ ասում են՝ եթե այդպես է, մենք էլ կորոշենք, թե ձեր գլխին ինչ կգա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am