Մոսկվան առաջարկում է Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսել

Մոսկվան առաջարկում է Վաշինգտոնին բանակցություններ սկսել անվտանգության երաշխիքների շուրջ բացառապես երկկողմ ձևաչափով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ այլ երկրների ներգրավումը կիմաստազրկի բանակցությունները:

«Մենք ԱՄՆ-ին առաջարկում ենք բանակցություններ երկկողմ ձևաչափով: Եթե բանակցություններում ներգրավենք այլ երկրների՝ պարզապես կխեղդենք դրանք բանավեճերի և խոսամոլության մեջ», – ասել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, նմանատիպ իրավիճակ, ինչպիսին Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում է, դեռ երբեք չէր եղել:

«Հույս ունեմ, որ ամերիկացիները չեն թերագնահատում այն, թե որչափ է ամեն ինչ փոխվել, ընդ որում՝ դեպի վատ կողմը: Եվ առայժմ, ցավոք, դեռ չեն չկան նշաններ, որ նրանք պատրաստ են հրաժարվել իրենց կաղապարներից», – նշել է Սերգեյ Ռյաբկովը: